Բաժիններ՝

«ՀԿ-ների մասին օրենքում որևէ ռիսկ չեմ տեսնում». Մովսես Արիստակեսյա

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը կողմ է, որպեսզի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեն, որը նախատեսում է հ/կ-ների գործունեությունն ու հաշվետվությունն ավելի թափանցիկ դարձնել։

«Օրենքի այս նախագծում որևէ ռիսկ չեմ տեսնում, 2014-2015 թվականներին մենք այն կազմակերպությունների շարքում էինք, որոնք ցանկանում էին փոփոխել հ/կ-ների մասին օրենքը։ Ընդունված օրենքը բավականին լավն է, որտեղ այս պահին կատարվում են լրացումներ։ Մեր կազմակերպությունը 8 այլ կազմակերպությունների հետ ընդգրկվել է ՊԵԿ-ի ստեղծած աշխատանքային խմբում, քննարկումներից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեցի՝ նշելով, ի՞նչ է, Ռուսաստանի նման ցանկանում են վերահսկել մեզ և չթողնեն շնչենք, որովհետև նման տարբերակ կար, որ մտահոգությունների տեղիք էր տալիս։ Մեկ տարի շարունակ քննարկելուց հետո, եկանք-հասանք այն տարբերակին, որն այսօր ներկայացվել է Ազգային ժողով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մովսես Արիստակեսյանը։

Ըստ նրա՝ հասարակակական միավորումների հաշվետվողականությունը կարևոր է, որպեսզի ՀՀ հպարտ քաղաքացին  տեղեկանա, թե ինչ միավորումներ են գործում, գուցե քաղաքացին որոշի, որ կամավոր հիմունքներով անդամակցի տվյալ միավորմանը և հանրօգուտ աշխատանք կատարի։

Նա նաև ընդգծեց, որ հ/կ-ներին ոչինչ չի խանգարում, որպեսզի մի տողով հաշվետվություն ներկայացնեն, թե որքան գումար են ծախսել և քանի ծրագիր  կյանքի կոչել։
«Երկար տարիներ մենք ունենք հ/կ, բայց կայք չունենք, շնորհակալություն ենք հայտնում ՊԵԿ-ին, որ կայք է ստեղծում, որպեսզի մեր արտադրանքը ցույց տանք հասարակությանը, և քաղաքացին մեզ հետ աշխատի»,- շեշտեց Մովսես Արիստակեսյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ օրենքի նախագծի շուրջ եղած աշխատանքային քննարկմանն իրենք չեն մասնակցել:

«ՀԿ-ներից պահանջում են  հաշվետվություն,  որը բացատրում են նրանով, թե դա կօգնի, որպեսզի վերջինները հայտնի դառնան՝ ինչը թույլ հիմնավորում է։ Երբ 2014-15 թվականներին նախկին իշխանությունները նախաձեռնեցին հասարակական միավորումների մասին օրենքում փոփոխություններ կատարելը, հիմնավորում էին, թե դրանով բարելավում են մեր գործունեությունը, սակայն հետո առաջ քաշեցին նույն հաշվետվողականություն ներկայացնելու հարցը։ Անկեղծ, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ կար ինչ-որ վտանգի զգացում հ/կ-ներից և մեծ ցանկություն՝ կառավարել մի ոլորտ, որտեղ իրենք որևէ մասնակցություն չունեին։ Մեղմ ասած, այժմ այս ամենն այդքան էլ հասկանալի չէ»,- ասաց Դավիթ Ամիրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս