Սիրիայում ռուս-թուրքական սրումները կարող են տարբեր դրսևորումներով ազդել Արցախի խնդրի վրա. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «ռուս-թուրքական հարաբերությունները ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ, անդրադառնալով ՌԴ և Թուրքիայի նախագահների մարտի 5-ի հանդիպմանը, ասաց, որ կարևոր էր ինչպես Պուտին-Էրդողան հանդիպումը, այնպես էլ դրա արդյունքները:
Թևանյանի խոսքով՝ աշխարհն այսօր այնպիսին է, որ Չինաստանում մեկը չղջիկ է ուտում՝ համաճարակ է սկսվում աշխարհում: Նրա խոսքով՝ սա ևս վկայում է այն մասին, որ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է:
«Եթե ռուս-թուրքական հարաբրերությունները շատ են լարվում, դա մեզ ձեռնտու չէ: Եթե ռուս-թուրքական հարաբերույթունները շատ են ջերմանում, դա նույնպես մեզ համար ձեռնտու չէ: Բայց դրանք երևույթներ են, որոնց վրա, մեծ հաշվով, մենք ազդեցություն չենք կարող ունենալ: Այսինքն՝ այդ երկու երկրների հարաբերություններում մենք ունենք մեր դերակատարումը, բայց դա արտաքին գործոն է մեր անվտանգության համակարգի համար: Եվ հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներսում ունենանք այնպիսի պատրաստվածություն, այսպիսի համակարգեր, որ ավելի քիչ կախված լինենք արտաքին գործոններից և ունենք այնպիսի դերակատարում, որի համաձայն՝ մեր դաշնակիցները կձգտեն մեզ հետ հարաբերությունների է՛լ ավելի խորացման, է՛լ ավելի զարգացման և դա հնարավորություն տա մեզ ավելի մեծացնել մեր անվտանգության համակարգը»,- քննարկման ժամանակ ասաց Անդրանիկ Թևանյանը:
Անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերությունների սրումներին, Թևանյանն ասաց, որ ակնհայտ է, որ այդ լարվածությունը կարող է տարբեր դրսևորումներով արտահայտվել, ազդել Արցախի խնդրի վրա, որովհետև Թուրքիան կարող է փորձել որոշակի դիվիդենտներ շահել Սիրիայում:
Թևանյանի դիտարկմամբ այսօր ՀՀ իշխանությունները հասարակությունն էլ ավելի են պառակտում ներքին իշխանական խնդիրները լուծելու համար, ինչը, Թևանյանի խոսքով, ուղղակիորեն հարվածում է ՀՀ անվտանգությանը:
«Մեր երկրի ներսում տիրող իրավիճակն ամենամեծ մարտահրավերն է, քան հնարավոր ռազմական գործողությունները Արցախում, քան տխրահռչակ և չարաբաստիկ կորոնովիրուսի տարածումը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: