Ինչպե՞ս պաշտպանել կնոջը, ինչպե՞ս ազատագրվել բոլոր կարծրատիպերից, ես դրա մեջ տեսնում եմ կրթության մեծ դերը. Իրավապաշտպան

«Կանանց նկատմամբ բռնությունն ու նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգում: Կինը պետք է պաշտպանված լինի իրավահավասար բոլոր  հիմունքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը:

Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության երևույթը պետք է նայել երկու դիտանկյունից. որքանո՞վ են իրավական պաշտպանության միջոցները մեզանում առկա, որքանո՞վ է պետական արձագանքը համարժեք բռնության ցանկացած դեպքի ժամանակ, որքանո՞վ է կինը կարողանում իրացնել իր իրավունքը, և որքանո՞վ վստահություն կա պետության հանդեպ, որ այդ խնդիրը բարձրացնելիս արդյունքի կհասնես, այլ ոչ թե՝ դրությունն ավելի վատ կլինի, քան մինչ խնդրի բարձրաձայնումն էր:

Երկրորդն ընկալումներն են, որոնք խոչընդոտում են խնդրի բարձրաձայնմանը, և երբեմն կարող են նպաստել բռնության դեպքերի շարունակականությանը:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ կարևորեց կրթության դերը:

«Ինչպե՞ս պաշտպանել կնոջը, ինչպե՞ս ազատագրվել բոլոր կարծրատիպերից, ես  դրա մեջ տեսնում եմ կրթության մեծ դերը: Պետք է վերանայել կրթական և տեղեկատվական գործընթացները, քանի որ դրանք փոխանցում են բոլոր սկզբունքները, որով կառուցում ենք հասարակությունը: Ինչպե՞ս պետք է գրականության ուսուցիչը ներկայացնի Հովհաննես Թումանյանի պոեմները: Ուղղակի ներկայացնի, անցնի առաջ ու զուգահեռներ չտանի՞, չասի՞, որ այստեղ վաղ ամուսնության խնդիրն է դիտարկվում: Իրավական հայացքով պետք է դիտարկենք ցանկացած գրականություն, երաժշտություն»,- նկատեց իրավապաշտպանը:

Զարուհի Հովհաննիսյանը նշեց՝ Քրիստոնեությունը Հայաստան են բերել երեք կանայք և կանոնակարգվել են որպես սրբեր, կառուցվել են եկեղեցիներ՝ Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Շողակաթ: Այսինքն, կանանց ընդունել են՝ որպես լուսավորչական գործունեություն իրականացնող, քրիստոնեությունը Հայաստան բերող և պաշտպանող, ասել է թե՝ եկեղեցին ճանաչել է, որ կինը պայքարող է:

«Դիտարկենք Արցախյան պատերազմը: Կանայք հավասար գնացին, պատերազմի մասնակցեցին: Պատմությունը գրելու ժամանակ կին ազատամարտիկներին բոլորը մոռացան: Նրանց անունները չեն հնչում, բայց բազմաթիվ տղամարդ ազատամարտիկների նկարներ ցանկացած տեղ կարող եք տեսնել: Այստեղ խնդիրն այն է, թե ինչպե՞ս ենք գրում մեր պատմությունը, ինչպե՞ս ենք պատմում, իմաստավորում այն»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս