
Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվել ՕՊԷՔ+-ի նոր հանդիպում անցկացնելուն

Սաուդյան Արաբիան մայիս-հունիսին ՕՊԷՔ+-ի հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի դեռ միավորման մասնակիցների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել նավթաշուկայի կայունացմանն ուղղված միջոցառումների շուրջ: Այդ մասին թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն-Սալմանը հայտարարել է Reuters գործակալությանը։
«Ես մայիս-հունիսին ՕՊԷՔ+-ի խորհրդակցություն անցկացնելու իմաստ չեմ տեսնում, որը միայն կցուցադրեր այն բանի նկատմամբ ուշադրություն դրսեւորելու մեր անընդունակությունը, որ մենք պարտավոր էինք անել նման ճգնաժամում եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,-ասել է նա: «Ազատ շուկայում յուրաքանչյուր արտադրող պետք է դրսեւորի իր մրցունակությունը, պահպանի եւ ավելացնի շուկայի իր բաժինը»,-հավելել է նա: Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, Saudi Aramco-ն ապրիլին նավթի իր մատակարարումները կավելացնի օրական մինչեւ 12,3 մլն բարել, ինչի մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում: Դա օրական 300 հազար բարելով գերազանցում է ընկերության առավելագույն հզորությունները: Aramco-ն գնորդների հետ պայմանավորվել է այդ ծավալները տրամադրել ապրիլի 1-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: