Ալեքսանդր Ազարյանը կշարունակի քննել Արմեն Թավադյանի կալանքի բողոքարկումը. դատախազի միջնորդությունը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մերժեց Արմեն Թավադյանի գործով մեղադրող դատախազի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Դատավոր Ազարյանը կշարունակի քննել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ Թավադյանի խափանման միջոց կալանքի որոշման բողոքը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի մասին ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը  պաշտպանական կողմը  բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան: Բողոքի քննությունը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, նախորդ դատական նիստում Հատուկ քննչական ծառայության քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:

168.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մանրամասնել էր ներկայացված միջնորդության հիմքերը: Պաշտպանի խոսքով՝ քննիչը միջնորդության հիմքում դրել էր 2 հանգամանք: Նախ՝ այն, որ, ըստ քննիչի՝ դատավոր Ազարյանը ՀՔԾ-ի դեմ է տրամադրված և առհասարակ շատ է մերժում նրա ներկայացրած միջնորդությունները: Երկրորդ հիմքը, ըստ քննիչի, դատավոր Ազարյանի՝  Քոչարյանի օգտին կայացրած որոշումն է և քննիչի այն դիտարկումը, որ այդ երկու գործը իրար փոխկապակցված են:

Քննիչը հավանաբար նկատի է ունեցել 2018 թվականի օգոստոսին Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշումը, որով դատավորը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ գտնելով, որ նա ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ուրբաթ օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, երբ դատարանում քննվում էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը, որին, ի դեպ, դատախազը չէր միացել, դատախազն ու քննիչը խնդրել էին հեռանալ, ինչը դատավոր Ազարյանը թույլատրել էր: Դրանից հետո դատավորը որոշել էր շարունակել քննությունը ու հենց այդ նիստում մերժել  քննիչի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը գտել էր, որ գործերը իրար կապված չեն, իսկ ՀՔԾ-ի դեմ իր որոշումները չեն բեկանվել, ու դա ոչ թե իր տրամադրվածության, այլ ՀՔԾ վատ աշխատանքի արդյունք է:

Առանց քննիչի ու դատախազի նիստը շարունակելը, չնայած ՀՔԾ քննիչն ու դատախազն են հեռացել նիստի կեսից, ինչպես նաև խորհրդակցական սենյակից շուտ վերադառնալը հիմք է հանդիսացել, որ դատախազը դատավոր Ալեքսանդր Ազարյանին ներկայացներ ինքնաբացարկի նոր միջնորդություն:

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:

Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս