Դատավոր Ալեքսանդր Ազարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Արմեն Թավադյանի գործով մեղադրող դատախազը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռոիստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը վերջինիս պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքի քննությունը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
168.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մանրամասնեց ներկայացված միջնորդության հիմքերը: Պաշտպանի խոսքով՝ քննիչը միջնորդության հիմքում դրել էր 2 հանգամանք: Նախ այն, որ, ըստ քննիչի, դատավոր Ազարյանը ՀՔԾ-ի դեմ է տրամադրված, և առհասարակ, շատ է մերժում նրա ներկայացրած միջնորդությունները: Երկրորդ հիմքը, ըստ քննիչի, դատավոր Ազարյանի՝ Քոչարյանի օգտին կայացրած որոշումն է, և քննիչի այն դիտարկումը, որ այդ երկու գործը իրար փոխկապակցված են:
Քննիչը հավանաբար նկատի է ունեցել 2018 թվականի օգոստոսին Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշումը, որով դատավորը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ գտնելով, որ նա ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։
Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ուրբաթ օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, երբ դատարանում քննվում էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը, որին, ի դեպ, դատախազը չէր միացել, դատախազն ու քննիչը խնդրել են հեռանալ, ինչը դատավոր Ազարյանը թույլատրել է: Դրանից հետո դատավորը որոշել է շարունակել քննությունը ու հենց այդ նիստում մերժել է քննիչի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը դատավորը գտել է, որ գործերը իրար կապված չեն, իսկ ՀՔԾ-ի դեմ իր որոշումները չեն բեկանվել, ու դա ոչ թե իր տրամադրվածության, այլ ՀՔԾ վատ աշխատանքի արդյունք է:
Առանց քննիչի ու դատախազի նիստը շարունակելը, չնայած ՀՔԾ քննիչն ու դատախազն են հեռացել նիստի կեսից, ինչպես նաև խորհրդակցական սենյակից շուտ վերադառնալը հիմք է հանդիսացել, որ դատախազը դատավոր Ալեքսանդր Ազարյանին ներկայացնի ինքնաբացարկի նոր միջնորդություն:
Որոշումը պետք է հրապարակվի այսօր:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: