Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումը վերադառնում է օրակարգ. Քաղաքացիների վրա հարկային ճնշումը կմեծանա
Հարկային բարեփոխումների հայեցակարգի շուրջ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կառավարությունը պատրաստվում է գնալ շատ համարձակ որոշումների՝ սկսած գույքահարկից, վերջացրած հարկային մյուս փոփոխություններով։
Գուքահարկի հետ կապված կառավարության մտադրությունները վաղուց հայտնի են։ Գույքահարկը բարձրանալու է։ Նախատեսվում է, որ այն կգործի հաջորդ տարվանից։
Ըստ այդմ, հաջորդ տարվանից քաղաքացիները ստիպված են լինելու մի քանի անգամ շատ հարկ վճարել իրենց բնակարանների կամ այլ անշարժ գույքի համար։ Վճարելու են նաև նրանք, ովքեր մինչ այդ չէին վճարում։
Իհարկե, տարբեր գույքի դեպքում դա տարբեր կերպ կարտահայտվի։ Բայց բոլորի համար տեղի է ունենալու հարկային բեռի ծանրացում՝ ընդհուպ մինչև 8-10 անգամով։
Գույքահարկի հետ կապված ամեն ինչ կարծես պարզ է։ Թե հարկային օրենսդրության ի՞նչ այլ համարձակ որոշումների մասին էր խոսում վարչապետը՝ փակագծերը բացեց Պետեկամուտների կոմիտեի նախագահը։
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Անանյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ։
«Շատ ավելի վաղ էինք ուզում ներդնել, ժամկետներ չեմ ուզի ասել, բայց գիտեք՝ ես դրա դրոշակակիրներից մեկն եմ, ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև կարծում եմ՝ մեր հարկաբյուջետային քաղաքականության ապագան ընդհանրապես և հարկման քաղաքականության ապագան ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման մեջ է,- հայտարարեց ՊԵԿ նախագահը՝ ավելացնելով,- համատարարած հայտարարագրումը պետք է անպայման անենք»։
Այդպիսով պարզ դարձավ, որ կառավարությունը պատրաստվում է կրկին օրակարգ բերել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման հարցը, ինչի վերաբերյալ խոսակցությունները ժամանակին բուռն դժգոհությունների տեղիք տվեցին։ Այն նախատեսվում է ներդնել արդեն 2022թ. հունվարի 1-ից։
Թե ինչո՞ւ է կառավարությունն ուզում հայտարարագրել քաղաքացիների եկամուտները, հավանաբար դժվար չէ կռահել։ Նպատակը եկամուտների հարկումն է։ Կարևոր չէ՝ մարդն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. եթե կատարել է ծախսեր, բայց դրա դիմաց համապատասխան եկամուտ ցույց չի տվել և հարկ չի վճարել, հայտնվելու է փաստի առաջ։ Հարկայինը պահանջելու է հարկ վճարել չհայտարարագրված եկամուտների դիմաց։
Եթե իրականանա այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ապա բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր այս կամ այն կերպ հոգում են իրենց ընտանիքի ապրուստը, հայտնվելու են հարկային մամլիչի տակ։ Նրանք ստիպված են լինելու հայտարարագրել իրենց եկամուտները և հարկ վճարել դրանց դիմաց։ Կապ չունի, թե ինչպես և ինչի հաշվին են ձևավորվել այդ եկամուտները։
Բարդ խնդրի առաջ են հայտնվելու հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները։
Ֆիզիկական անձանց եկամուտների համատարարած հայտարարագրման դեպքում, ըստ էության, հարկման տակ են հայտնվելու նաև այն քաղաքացիները, ովքեր օգնություն են ստանում դրսի իրենց հարազատներից։
Եկամուտների հայտարարագրումը, իհարկե, նոր բան չէ։ Այդ մասին կառավարությունը խոսում է դեռևս իշխանափոխությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ դա բավական մեծ աղմուկ բարձրացրեց և հասարակության տարբեր շերտերի մոտ լուրջ անհանգստությունների տեղիք տվեց։
Հաշվի առնելով, որ առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին՝ կառավարությունը ժամանակավորապես առկախեց գործընթացը։ Հիմա այն նորից հայտնվել է օրակարգում։
Ի՞նչ կստացվի այս անգամ, առայժմ շուտ է ասել։ Ամեն դեպքում վարչապետի ու ՊԵԿ նախագահի հայտարարությունները վկայում են, որ կառավարությունը վճռական է տրամադրված։
Ժամանակին եկամուտների համատարած հայտարարագրման փորձեր Հայաստանում էլի են արվել։ Բայց ապարդյուն։ Այսօր էլ պաշտոնյաների որոշ շրջանակի համար կա նման պահանջ։ Համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ՝ ենթադրվում է, որ դա պարտադիր է դառնալու բոլոր քաղաքացիների համար։ Հայտարարագրումը պետք է՝ հսկելու նրանց եկամուտներն ու ծախսերը։
Այն, որ ինչպես՝ նախկինում, այնպես էլ՝ հիմա, Հայաստանում մեծ թվով քաղաքացիներ ունեն ոչ մի տեղ չերևացող կամ մասնակի երևացող եկամուտներ, փաստ է։ Այսօր քիչ չեն հատկապես այն քաղաքացիները, ովքեր ստիպված են իրենց և իրենց ընտանիքի ապրուստը վաստակել արտագնա աշխատանքի միջոցով, ու այդ եկամուտները ոչ մի տեղ չեն երևում։ Համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը ենթադրում է, որ այդ եկամուտները պետք է հայտարարագրվեն։ Հայտարարագրումից հետո դրանք, ըստ էության, դառնում են հարկման ենթակա։
Այս գործընթացում, անշուշտ, բազմաթիվ նրբություններ կան, բայց համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման ամբողջ իմաստը քաղաքացիների եկամուտներն ու ծախսերը հաշվառման և հարկման դաշտ բերելն է։ Դրանով փորձ կարվի լուծել նաև տնտեսության ստվերի խնդիրը։
Նման մեխանիզմներ տարբեր երկրներում կիրառվում են։ Այլ բան, թե Հայաստանը որքանո՞վ է պատրաստ դրան։
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկող կառավարությունը նախ և առաջ պարտավոր է լուծել մարդկանց աշխատելու և արժանապատիվ վաստակելու հարցը։ Երբ մի երկրում գործազրկությունը հասնում է գրեթե 20 տոկոսի, և մարդիկ փորձում են ամենատարբեր ճանապարհներով հոգալ իրենց առօրյա սոցիալական խնդիրները, նման համակարգի ներդրումը հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով։ Այն նաև միգրացիոն հոսքերի ակտիվացման լուրջ ռիսկեր է պարունակում։
Փոխարենը մտածելու մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, կառավարությունը գնում է եկամուտների վրա ճնշումն անընդհատ մեծացնելու ճանապարհով։ Դա լինելու է՝ ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում։ Թեև այնպես չէ, որ կառավարությունը պատրաստվում է դրանով սահմանափակվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ