Անորոշ վիճակում ենք, չգիտենք՝ շարունակելո՞ւ ենք աշխատել, թե՞ ոչ. «Փայտարվեստի թանգարանի» աշխատակիցներ
Փետրվարի 13-ին՝ կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից էր «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու որոշումը:
«Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները 168.am-ի զրույցում հայտնեցին, որ այս պահին հանձնում-ընդունում է կատարվում:
«Հիմա ըստ կարգի՝ հանձնում-ընդունում է կատարվում, դեռ պարզ չէ, թե հետո ինչ է լինելու: Անորոշ վիճակում ենք, չգիտենք, թե թանգարանի՝ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնին» միանալուց հետո մենք շարունակելո՞ւ ենք աշխատել, թե՞ ոչ, կամ մեզանից քանի՞սը աշխատանքը չեն կորցնի»,- ասաց թանգարանի ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը՝ նշելով, որ թանգարանում կա 12 աշխատող:
««Փայտարվեստի թանգարանը» հիմնադրվել է 1977 թվականին: Ցուցանմուշները ձեռք են բերվել հետազոտական աշխատանքների շնորհիվ: Եթե «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում» կա տնօրեն, հաշվապահ, բնական է՝ մերոնք չեն լինի, բացարձակ ոչինչ պարզ չէ»,- նշեց Մելանյա Միրզոյանը:
Նշենք, որ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են` ժողովրդական ստեղծագործության և ավանդական ժողովրդական արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը և հանրահռչակումը, ժողովրդական ստեղծագործություններին մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը, թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը, թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, գիտահետազոտական աշխատանք, հրատարակչական գործունեություն, հուշանվերների պատրաստում և իրացում իրականացնելը, ժողովրդական վարպետների ստեղծագործությունների առևտրային ցուցահանդեսներ կազմակերպելը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: