Marvel-ը Մեծ Բրիտանիայի մասին կոմիքսների նոր գերհերոսների կներկայացնի Brexit-ից հետո
Marvel Comics կինոընկերությունը ձեւավորում է գերհերոսների նոր թիմ, որոնք կմարմնավորեն Անգլիան, Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան եւ Ուելսը: Նրանք, սյուժեի համաձայն, պետք է ջանան պահպանել Մեծ Բրիտանիայի միասնությունը Եվրոպական միության կազմից նրա դուրս գալուց հետո: Այդ մասին The Wall Street Journal թերթին պատմել է բրիտանացի նկարիչ եւ կոմիքսների ապագա շարքի հեղինակ Պոլ Գրիսթը։
Նա հարցազրույցում հայտնել է, որ նոր կոմիքսի հերոսների առաջնորդը դարձել է Բրիտանիա անունով թխահեր կինը, որը կրում է առյուծի՝ Մեծ Բրիտանիայի ավանդական խորհրդանիշի պատկերով վահան: Բրիտանիային օգնում են շիկահեր շոտլանդուհի Քելփին, վալիուհի Խորը, որը կարողանում է ձայնով լեռներ ճեղքել, եւ իր դեմքը թաքցնող մարդ Օձը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Թիմի հինգերորդ մասնակիցը Յունիոն Ջեկն է՝ 1970-ական թվականների կոմիքսների գործող անձ, որի հագուստը ներկայացնում է Միացյալ Թագավորության, բայց ոչ Անգլիայի դրոշը:
«Հիմնական մտահղացումն այն է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում է գերհերոսների նոր թիմ հավաքել, որպեսզի համախմբի երկիրը Brexit-ից հետո: Դա լինելու է բոլորի համատեղ աշխատանքի օրինակը Միացյալ Թագավորությունում: Բայց իրականում ամեն ինչ չ,է որ կընթանա այնպես, ինչպես պլանավորվում Էր»,-գլխավոր սյուժետային գիծը ներկայացրել է 59-ամյա Գրիսթը: Նրա խոսքով՝ թիմը մի քանի անգամ կհայտնվի պառակտման եզրին:
Նկարիչն ասել է, որ այդ պատմության սյուժեի շուրջ ինքը խորհրդածել է 40 տարի: Նա ակնարկել է, որ պատմության մեջ կարող է հայտնվել անսպասելի շրջադարձ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Sunday Mirror թերթին տված հարցազրույցում Սիացյալ Թագավորությունը համեմատել է Marvel-ի կոմիքսների եւ ֆիլմերի հերոս Հալքի հետ: Ջոնսոնը կանխագուշակել է, որ իր երկիրը Եվրամիության կապանքներից կազատվի Հալքի նման:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքել է 2020 թվականի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջ երեք տարի տեւած բանակցություններից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: