«I Love Abovyan դեկորի համար որոշ մարդիկ մեզ դատի են տվել՝ հիմնավորելով, որ կոպտորեն խախտել ենք «Հայոց լեզվի մասին» օրենքը». Համայնքի ղեկավար
Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Խոսքն Աբովյան քաղաքում տեղադրված I Love Abovyan ցուցանակի մասին է։
«Մարտի 18-ին մենք դատական գործընթաց ունենք: Չգիտեմ՝ սա քաղաքակա՞ն է, ուղղորդվա՞ծ է, թե՞ ինչ: I Love Abovyan դեկորի համար որոշ մարդիկ մեզ դատի են տվել՝ հիմնավորելով, որ կոպտորեն խախտել ենք «Հայոց լեզվի մասին» օրենքը, գրվածքը հայատառ չէ: Ես ու մեր աշխատակազմի քարտուղարը ստիպված գնում ենք դատարան՝ հիմնավորելու, որ մենք հայ տառերի, Մեսրոպ Մաշտոցի դեմ ոչինչ չունենք, դա քաղաքային դեկոր է, որն ընդունված է թե՛ ՀՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում: Մենք հանցանք չենք գործել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ I Love Abovyan-ը համայնքի միջոցների հաշվին չի տեղադրվել, այն տեղադրվել է համայնքի սրտացավ քաղաքացիների կողմից, ինչն իրենք ողջունել են: