Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ. Արայիկ Հարությունյան
Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է:
Այս մասին անդրադառնալով մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված քարոզարշավին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» քաղաքական դաշինքը գլխավորող Հարությունյանը գրել է.
Հարգելի՛ հայրենակիցներ
Նախընտրական քարոզարշավի ծանրաբեռնված օրակարգովս պայմանավորված՝ վերջին օրերին փոքր-ինչ պասիվացել էր մեր հաղորդակցումն օն-լայն հարթակում: Յուրաքանչյուր օր, առանց բացառության, պլանավորված հանդիպումներից բացի, սոցիալական տարբեր խմբերի նախաձեռնությամբ ունենում եմ չնախատեսված մոտ մեկ տասնյակի հասնող ակտիվ քննարկումներ, որոնք տևում են մինչև ուշ գիշեր: Դա էլ, իմ կարծիքով, հանրային մեծ աջակցության դրսևորում է, որը թույլ է տալիս, հոգնության փոխարեն, ավելի մեծ ոգևորվածությամբ շարունակել քարոզարշավը:
Երեկ հանդիպումներս մայրաքաղաքում էին:
Կրկին հավաստիացրեցի, որ, մեր հաջողության պարագայում, նախ պետական կառավարման համակարգում, ուժային ծառայությունների ղեկավար պաշտոններում նշանակվելու են միայն հասարակության կողմից մեծ հարգանք վայելող մարդիկ: Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի զարգացման ծրագրին, ապա նախատեսում ենք առաջիկա հինգ տարիներին ամբողջությամբ վերանորոգել բոլոր այն շենքերի տանիքները, շքամուտքերն ու բակերը, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը: Ամբողջությամբ ավարտելու ենք փողոցների ասֆալտապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, մայրաքաղաքի փողոցներում մեքենաների խցանումները վերացնելու համար կկառուցվեն գետնանցումներ, կլուծվի կոյուղու խնդիրը: Պատարայի ջրամբարի կառուցման արդյունքում անհամեմատ փոխվելու է մայրաքաղաքի խմելու ջրի որակը:
Բարեկեցիկ ապագա կերտելու մեր ծրագրերում ներառվել է Ստեփանակերտի յուրաքանչյուր թաղամաս, ինչը որակապես փոխելու է յուրաքանչյուր ստեփանակերտցու ապրելակերպը: Մենք չենք ասում՝ լավ է լինելու, մենք ներկայացնում ենք այդ ամենն իրականություն դարձնելու իրատեսական ճանապարհը: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր խոսքի արժեքն ու նշանակությունը և տարիների ընթացքում ապացուցել ենք դա: Վստահե՛ք, և նոր արդյունքները երկար սպասեցնել չեն տա: