Բաժիններ՝

ԱՄՆ-ում Բայդենը եւ Սանդերսը «գերերեքշաբթի օրվա» փրայմերիզների առաջատարներն են

ԱՄՆ-ի փրայմերիզներում պայքարն այժմ կշարունակվի բացառապես երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի միջեւ, մնացած դեմոկրատ քաղաքական գործիչներն արդեն շանսեր չունեն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դառնալու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Սրանք են ԱՄՆ-ում «գերերեքշաբթի օրվա» առաջին արդյունքները։

Այդ օրը երկրում քվեարկություն է անցկացվել 14 նահանգում եւ մեկ անդրծովյան տարածքում՝ Ամերիկյան Սամոայում: Թեկնածուները պայքարել են այն պատվիրակների միագումար ավելի քան 1,3 հազար ձայների համար, որոնք Դեմոկրատական կուսակցության առաջիկա ազգային համագումարում կպաշտպանեն կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու այս կամ այն հավակնորդին:

Քվեաթերթիկների տվյալների ամփոփումը դեռեւս ավարտված չէ, սակայն ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում՝ Associated Press (AP) գործակալությունը, The New York Times թերթը, CNN, NBC, ABC եւ FoxNews հեռուստաալիքներն արդեն ամփոփել են քվեարկության հիմնական արդյունքները: Բայդենը հաղթանակ է տարել 14 նահանգներից ութում՝ Ալաբամայում, Արկանզասում, Վիրջինիայում, Մասաչուսեթսում, Մինեսոտայում, Հյուսիսային Կարոլինայում, Օկլահոմայում եւ Թենեսիում: Սանդերսը հաղթել է երեք նահանգում՝ Վերմոնտում, Կոլորադոյում եւ Յուտայում:

Բացի այդ, AP-ի գնահատումների համաձայն, Սանդերսը կշահի ընտրությունները Կալիֆոռնիայի նահանգում, որը հանգուցային նշանակություն ունի: Այնտեղից դեմոկրատների համագումար է գնալու 415 պատվիրակ: Դա զգալիորեն ավելի շատ է, քան ԱՄՆ-ի ցանկացած այլ նահանգից: Թե Կալիֆոռնիայից քանի պատվիրակ կպաշտպանի Սանդերսին, պարզ կլինի ավելի ուշ: Նրանց ձայների մեծ մասը նահանգում կբաշխվի այն քվեաթերթիկների թվին համապատասխան, որոնք տրվել են հաջակցություն այս կամ այն թեկնածուի:
NBC-ի եւ AP-ի գնահատումների համաձայն՝ Բայդենը կհաղթի Տեխասում, որը նույնպես առավել կարեւոր նահանգների թվում է: Տեխասից դեմոկրատների համագումարին գնալու է 228 պատվիրակ: Քվեարկության ելքն առայժմ որոշված չէ Մենի նահանգում:

Դեմոկրատների մրցարշավի մնացած մասնակիցները՝ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը եւ Ներկայացուցիչների պլատի անդամ Թուլսի Գաբարդը չկարողացան ցուցադրել համոզիչ արդյունքներ: Նրանք արդեն նախընտրական պայքարը հաջողությամբ շարունակելու շանսեր չունեն:

Միլիարդատեր Բլումբերգը, որը հարյուրավոր միլիոն դոլար է ծախսեր մրցարշավի անցկացման վրա, կուսակցական ակտիվիստների ժողովների արդյունքներով հաղթանակ է տարել միայն Ամերիկյան Սամոայում: CNN հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ Բլումբերգի շտաբում խիստ հիասթափված են նման արդյունքներից եւ դիտարկում են ընտրարշավից նրա դուրս գալու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս