25-ամյա «դրամայի» բեգրաունդը

Ինչպես հայտնի է՝ այսօր նախատեսված է հանրաքվեի մասնակից կողմերի՝ «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների ակտիվ քարոզարշավի մեկնարկը, սակայն ՀՀ-ում արձանագրված կորոնավիրուսով վարակված հիվանդի դեպքը կարծես թե խառնել է իշխանությունների խաղաքարտերը։

Վիրուսի հայտնաբերման փաստը որոշակիորեն երկրորդ պլան մղեց առաջիկա հանրաքվեն: Տարբեր քաղաքական գործիչներ առաջ քաշեցին նաև հանրաքվեն չեղարկելու գաղափարը։

Հետևելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված մի քանի «տնետուն» ակցիաների ժամանակ որդեգրած տակտիկային, պարզ է դառնում, որ իշխանության քարոզարշավը բացառապես քաղաքական է և չունի որևէ իրավական հիմնավորում․ դրա մասին եղել են հարյուրավոր վերլուծություններ, հնչել են ոլորտի փորձագետների տասնյակների հասնող մեկնաբանություններ։ Այսօր քաղաքական ուժերի մեծամասնության համար օրախնդիր է հակակշիռների վրա հիմնված պետության ստեղծումը: Շատերը վախենում են հակահեղափոխական թվալուց, ամեն ինչ հանգեցվում է բացառապես «Այո»-ի և «Ոչ»-ի:

Ակնհայտ է նաև այն, որ «Այո»-ի շտաբի կողմից քարոզարշավի շեշտը դրվում է, օրինակ, «ճանապարհների վերանորոգման», «արտագաղթի նվազման», «ազատ, արդար ընտրությունների», «նոր աշխատատեղերի», «տնտեսական աճի» վրա, որոնք որևէ ձևով փոխկապակցված չեն Սահմանադրական դատարանի հետ, քանի որ իշխանությունները չեն կարող քաղաքացիներին իրականությունն ասել, որ վերջիններս քվեարկելու են ՍԴ յոթ դատավորներին աշխատանքից ազատելու համար, որպեսզի նրանց փոխարեն վարչապետի կողմից ներկայացված դատավորներ նշանակվեն, և ՍԴ-ն Փաշինյանի գրպանային դատարանը դառնա: Արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանն ունի իր քիմքին հաճելի «հրաշալի յոթնյակը», որոնցից ոմանց մասին լրատվականներում քանիցս բարձրաձայնվել է։

Փաստացի այսօր բախվում ենք այն իրողության հետ, որ զուտ իշխանության քաղաքական «կապրիզի» համար պետբյուջեից ծախսվելու է 7 մլրդ դրամ։ Պարզ է, սակայն, մի բան․ Սահմանադրության մեկ հոդված փոխելով՝ մենք չենք կարող մոտենալ իշխանության թևերի միջև հակակշիռների ձևավորմանը: Սա ընդամենը մի թիմի հեռացման մասին է, մինչդեռ մեզ չեն տրվում երաշխիքներ, որ ՍԴ-ի նոր ձևավորվող կազմը կլինի իրապես անկախ: Իշխանությունը կարծում է, թե սա հրատապ օրակարգ է, մինչդեռ այն հրատապ օրակարգի ընդամենը մեկ հարցն է։ Համաձայնեք, որ «Ոչ» քարոզող թիմի համար բավական դժվար է «Պողոսին» համոզել, որ ապրիլի 5-ը «Նոր Հայաստանի» ընտրության օրը չէ, ավելին՝ այդ «Նոր Հայաստանը» ֆեյք է, և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։

Հասարակ մարդու համար, ինչ խոսք, բարդ է պատկերացնել, որ իր «սիրելի վարչապետը» քաղաքական որոշում կայացնող չէ, և զուտ ընդհանուր ֆոն ապահովելու համար է «դրված»։

Նա քեզ չի լսի, երբ փորձես ասել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մեծ աշխարհաքաղաքական կծիկի մի փոքրիկ թել է, որի համար մենք վճարելու ենք բավականին լուրջ «տարբերակով»։

Դժվար է պատկերացնել, որ սա 25 տարի առաջ ընդհատված դրամայի կիսատ մնացած գործողության կուլմինացիան է, ուղղակի փոփոխված դեմքերով․ խաղի կանոնները բացառապես նույնն են։ Արդեն իսկ շատերը համոզված են, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, դա արհեստական, սարքած երևույթ է, և ճգնաժամ կլիներ այն ժամանակ, եթե ՍԴ-ն ի վիճակի չլիներ նիստեր գումարել, հարցեր քննել և պատասխաններ տալ:

Հայաստանում փաստացի կա խորհրդարանական ճգնաժամ: Այդ ճգնաժամը կա, որովհետև խորհրդարանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին էյֆորիայի մեջ մտած ժողովրդի ձևավորածն է, իսկ էյֆորիա այլևս չկա, իսկ այսօրվա ԱԺ-ն ներկա ժողովրդի տրամադրությունները չի արտահայտում, և եթե ուզում ենք երկրում որևէ խնդիր լուծել, ապա խորհրդարանական նոր ընտրություններ են անհրաժեշտ։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս