Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով
Հայաստանում առանձնացվել են տարբեր համայնքներում գտնվող շենքեր՝ նպատակով ունենալով վերակառուցման աշխատանքներ իրականացնելուց հետո ԼՂ-ից բռնի տեղահանված 1000-ից ավելի անձանց ապահովել սոցիալական բնակարանով:
Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին բնակարաններով ապահովման համար առաջարկեց մարզպետարաններին հանձնարարել, որ ներկայացնեն տարիներ շարունակ չզբաղեցված բնակտարածքները, որոնք որպես սոցիալական բնակարաններ հնարավոր է տրամադրել տեղահանված անձանց:
Նախարարը հիշեցրեց բռնի տեղահանված անձանց համար իրականացված կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի մասին: Նա նշեց փոխվարչապետի համակարգմամբ գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի մասին, որի շրջանակում քննարկվել է նաև պատգամավորի բարձրացրած հարցը:
«Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով չկարողանան մասնակցել այն ծրագրին, որը դրել ենք սեղանին, բնակարան ձեռք բերել ու կառուցել: Եվ մենք ունենք նաև սոցիալական բնկարանի առանձին բաղադրիչ: Այս պահի դրությամբ շուրջ 7 տարբեր համայնքներում գտնվող շենքեր հիմա առանձնացրել ենք, նախահաշվարկային գործընթացները կանենք և կսկսենք ակտիվ վերանորոգման, վերակառուցման աշխատանքները, որտեղ կկարողանանք 1000-ից ավելի նմանատիպ կարգավիճակ ունեցող մարդկանց հյուրընկալել՝ որպես սոցիալական բնակարանի շահառու: Դրանից հետո կսկսենք ուսումնասիրությունը, այլ շենքերով կընդլայնենք: 70-ից ավելի տարբեր շենք-շինությունների ցանկ ենք ստացել, կֆիլտրենք, կհասկանանք: Խոսքը ոչ թե չբնակված բնակարանների մասին է, այլ տարբեր շինությունների, որոնք հնարավոր է վերափոխել սոցիալական բնակարանների»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Իսկ բնակարանային ապահովության ծրագիրն արդեն իսկ հաստատվել է կառավարության ծրագրով: Մինչև հունիսի 15-ը պետք է լինի կարգի հաստատումը:
Նա հիշեցրեց, որ ծրագրի շահառու լինելու համար պետք է դիմել ու ստանալ քաղաքացիություն, քանի որ շահառու կարող են լինել բացառապես ՀՀ քաղաքացիները: