Նույնիսկ փաստերի ստուգման հարթակն է ստում․ Ռաֆայել Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Ռաֆայել Վարդանյանըֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նույնիսկ փաստերի ստուգման հարթակն է ստում։

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել և ընտրվել Բագրատ Սրբազանը, իսկ երկքաղաքացիության արգելքը հնարավոր է հաղթահարել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների 2/3-ով։ Փաստերի ստուգման հարթակն իբր թե փաստեր է ստուգել և մի մեծ հոդված է հրապարակել` նշելով, որ վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջը հնարավոր չէ պատգամավորների միջոցով փոփոխել։
Հիմա գանք հերթով․

ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամին /այդ թվում վարչապետին/ ներկայացվող պահանջը, մասնավորապես հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ <<Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:>>։ Ասեմ, որ նշածս հոդվածը ընկնում է ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխում, սա կարևոր է, հիշենք ու անցնենք առաջ։

Այսպես, պատգամավորին ներկայացվող պահանջները ներկայացված են 2-րդ գլխում, ավելի կոնկրետ 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այս ամբողջի վերլուծությամբ կարելի է փաստել, որ այո այս պահին՝ գործող սահմանադրությամբ երկքաղաքացին չի կարող ընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, բայց ոնց է դա հնարավոր և ինչ ի նկատի ուներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ասեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորների 2/3-ի միջոցով հնարավոր է փոխել այդ կետը․
Այսպես, ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի /ոչ թե 203-րդը, ինչպես նշված է ՓՍՀ հոդվածում/ 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, որոնք մեջբերված են ստորև, կառավարության անդամին՝ այդ թվում ՀՀ վարչապետին վերաբերվող ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը առանձին չի ընկնում 1-ին մասով նախատեսված արգելքի տակ, ինչպես նաև չի ընկնում այն գլուխը /վերևում հիշատակված 6-րդ գլուխը/, որում ներառված է այդ հոդվածը։ Հետևապես, վարչապետին ներկայացվող պահանջի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը հնարավոր է փոփոխել ՀՀ ԱԺ պատգամավորների 2/3-ի միջոցով, ինչպես ներկայացված է մեջբերածս հոդվածի 2-րդ մասում։

Հոդված 202.

Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը

1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով:

Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:

Հ.Գ. սահմանադրությունը կոպտորեն խախտվել և շարունակում է խախտվել սկսած 2018 թվականի մայիսի 07֊ից։

Լավ կլիներ դրա մասին փաստերը հավաքագրեք ու ստուգեք»։

Տեսանյութեր

Լրահոս