Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար
Նիդեռլանդները թույլ է տալիս Կիևին իր կողմից տրամադրվելիք F-16-երն օգտագործել Ռուսաստանի տարածքի ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու համար:
Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Սինգապուրում «Շանգրի Լա երկխոսություն» անվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ POLITICO-ի տված հարցազրույցում։
Օլոնգրենը նշել է, որ Նիդեռլանդներն, ի տարբերություն Բելգիայի, սահմանափակումներ չի մտցնի իր F-16-երի օգտագործման վրա։
«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, որը կիրառել ենք ցանկացած այլ մատակարարման դեպքում. հենց մենք ինչ-որ բան ենք տալիս Ուկրաինային, դա արդեն նրանցն է օգտագործման համար… Մենք միայն խնդրում ենք նրանց պահպանել միջազգային իրավունքը և ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նշված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչը նշանակում է, որ նրանք կօգտագործեն այն ռազմական թիրախներն ընտրելու համար», – հայտարարել է Օլոնգրենը։
Նիդեռլանդներն ու Դանիան առաջին են, որ համաձայնեցին Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռներ կստանա երրորդ երկրներից իր օդաչուների վերապատրաստումն ավարտելուց հետո։ Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է առաջին F-16 կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։
Բելգիայի արտգործնախարար Աջա Լյաբիբն իր հերթին հայտարարել է, որ Բրյուսելը Կիևին երեսուն F-16 կործանիչ կհանձնի մինչև 2028 թվականը, առաջին ինքնաթիռները պետք է ստացվեն ընթացիկ տարում։