Մասնագիտական ուսուցում և զբաղվածություն է ապահովվել պատերազմի մասնակից 526 անձի համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար:
Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«2023–ին նախարարությունը շարունակել է իրականացնել զբաղվածության ապահովման մեկ այլ ծրագիր, որը մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից 2016, 2020, 2021 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար»,–ասաց նախարարը:
Ծրագիրն իրականացվել է պիլոտային տրամաբանությամբ, ունեցել է երեք բաղադրիչ՝ վերապատրաստում, կրթություն, փորձառության ձեռքբերում: Պետությունը նաև խրախուսել է գործատուին, որ պատերազմի մասնակիցներին ընդունի աշխատանքի: Նախարարությունում հասկացել են, որ ծրագիրը դրական արդյունքներ է տալիս, ուստի ընդլայնել են շահառուների ցանկը:
«2023 թվականից ներառում ենք ոչ միայն պատերազմի մասնակիցներին, այլ նաև զորացրվածներին: Մինչև զորացրվելն էլ որոշակի աշխատանք կատարում ենք հենց զորամասերում՝ փորձելով հասկանալ, թե ինչ վերապատրաստման անհրաժեշտություն կարող է առաջանալ: Զորացրվելուց հետո արդեն ունենում ենք որոշակի տվյալներ և կարողանում ենք ուղղորդել համապատասխան ոլորտներ և ծրագրեր»,–ասաց նախարարը:
Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքով է ապահովվել 10 հազար 878 աշխատանք փնտրող, որոնցից 2961–ը՝ նպաստառու: