Թուրքիան զբոսաշրջության տեսանկյունից կորցնում է իր գրավչությունը Ռուսաստանի համար
Թուրք վերլուծաբան Օրհան Սանջարն անդրադարձել է Ռուսական զբոսաշրջային շրջանակներում Թուրքիայի ունեցած դիրքերի թուլացմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքը սկսել է թուլանալ, քանի որ մրցակից երկրները, ինչպիսիք են Թաիլանդը, Եգիպտոսը, Վիետնամը և Դուբայը, ամրապնդել են իրենց դիրքերը ռուսական շուկայում:
Չնայած ուկրաինական պատերազմի պատճառով ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից ելնելով ռուսական կողմի համար ուղղությունները սահմանափակվել են, բայց Թուրքիան լիարժեք չի կարողանում գերիշխող դիրք ստանալ, քանի որ մրցակից ուղղություններն ավելի արդյունավետ են գործում։
Թուրք վերլուծաբանը նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, այլապես եթե հետագայում պատժամիջոցները չեղարկվեն և ուղղությունները շատանան, Թուրքիան ավելի մեծ խնդիրների կբախվի տուրիզմի ոլորտում:
Թուրքիան կարող է կորցնել իր ժողովրդականությունը ռուսական շուկայում և իր ուենցած դիրքը առաջատար 3 ուղղությունների շարքում։
Ըստ Օրհան Սինջարի՝ նոր տնտեսական ծրագրերով թուրքական լիրայի արժեքը վերջին 6 ամսում մնացել է կայուն։ Սա դժվար դրության մեջ է դրել արտարժույթով եկամուտ ունեցող զբոսաշրջային բիզնեսին՝ ավելացնելով նրանց ծախսերը։