«Ռոբերտ Քոչարյանի գործը դառնալու է խարան մեր պետության, իրավապահ, դատական համակարգի ճակատին». Լարիսա Ալավերդյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի օգոստոսի այն հայտարարությանը, թե «Մարտի 1-ն այլևս բացահայտված է», ՀՀ նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը թերահավատորեն է վերաբերվում: Պնդում է՝ փաստեր են պետք, որոնք չկան: Երեկ Մարտի 1-ը նշանավորող երթ պետք է անցկացվեր՝ վարչապետի գլխավորությամբ, որը տեղի չունեցավ, ըստ պաշտոնական վարկածի՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքի արձանագրման պատճառով: Լարիսա Ալավերդյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ինչո՞ւ երթը չկայացավ, փոխարենը հիշեցրեց, որ մինչև հիմա բացահայտված չեն 10 սպանությունները.
«Ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այժմ էլ մարտի 1-ի ամենացավոտ մասը՝ սպանությունները, չի բացահայտվել, պատշաճ ձևով չի ուսումնասիրվել: Ես մարտի 1-ին եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, կանգնած եմ եղել հետնամասում: Արդեն տարածվել էր այդ սադրիչ լուրը, որ այդտեղ երեխա է սպանվել, հեռուստացույցով ցույց էին տվել ինչ-որ կոշիկ: Ես հարցնում էի՝ ո՞վ է տեսել սպանված երեխային, 10 հոգի ինձ մոտ բերեցին, ասացին՝ «ահա, նա տեսել է», երբ հարցնում էի՝ տեսե՞լ եք, ասում էին՝ ոչ, մեզ պատմել են: Սադրիչ լուրերը տարածվում էին մտածված ու չարամտորեն»:
Նախկին ՄԻՊ-ը հիշում է, որ Մյասնիկյանի արձանի մոտ սպանություն չի եղել ու բախումը կանխվել է «Ժառանգություն» կոսւակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ջանքերով.
«Հարձակում են արել Քաղաքապետարանի մոտ կանգնած Ոստիկանության փոխգնդապետի վրա, իսկ Արմեն Մարտիրոսյանը իր մարմնով ծածկել է նրան ու վիրավորվել է ինքը: Ո՞վ է ուսումնասիրել այդ դեպքը, ովքե՞ր են ջարդուխուրդ արել խանութներ, ովքե՞ր են շուռ տվել ավտոբուսներ ու տրոլեյբուսներ, ովքե՞ր են ունեցել զենք կամ դրա փոխարեն օգտագործվող որևէ բան: Իմ աչքի առաջ հարթակից կոչ է հնչել՝ «դուք իրավունք ունեք ինքնապաշտպանության, ինչից հետո երիտասարդները այդտեղ եղած երկաթե ձողերը հանում էին, որ հետ մղեն ոստիկանական ուժերին»:
Ալավերդյանը, իր պնդմամբ, հիմնավոր կասկածներ ունի, թե ինչո՞ւ մինչև այժմ ուսումնասիրված ու բացահայտված չեն դեպքերը.
«Ինչ-որ բան այն չէ, որ այն իշխանությունները չեն բացահայտել, շուրջ երկու տարի է՝ այս գործով չեն զբաղվում նաև նոր իշխանությունները: Հակառակը, տարածվում են մեկը մյուսից անհավատալի ստեր, ստեղծվում են կարծիքներ այս կամ այն անձի մասին, նշանակել են մեկ մեղավոր, և հոգեբանական խոշտանգման են ենթարկում զոհերի ընտանիքների անդամներին՝ ամեն անգամ դատարան բերելով այն գործով, որը սպանություններին չի վերաբերում»:
Կառավարությունը նախորդ տարի սեպտեմբերին որոշում կայացրեց, որ մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին պետությունը միանվագ 30 մլն դրամ կտրամադրի: Լարիսա Ալավերդյանը չի գտել մի այդպիսի միջազգային նախադեպ.
«Մինչև անգամ զոհերին յուրայինների ու ոչ յուրայինների են բաժանել: Սպա Համլետ Թադևոսյանի զոհվելու մասին հեքիաթներ են պատմում, որ իր ձեռքի նռնակից է մահացել, ցանկացել է նետել: Սա արժանապատվության նսեմացում է: 30մլն-ն ուրիշ աստառ ունի: Ուզում են ասել, որ դա պետության կողմից հանցագործություն էր և պետությունը փոխհատուցում է: Երկու կողմն էլ ինչ-որ բան գիտեն, ինչը չեն ասում»:
Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, Ալավերդյանը պնդում է, որ սա որևէ իրավական հիմք չունի, նախկին նախագահին ճաղերի հետևը պահելու այլ դրդապատճառներ կան:
«Ռոբերտ Քոչարյանի գործը դառնալու է խարան մեր պետության, իրավապահ և դատական համակարգի ճակատին: Մեղադրել մարդուն մի հոդվածով, որն ընդունվել է դեպքերից գրեթե մեկ տարի մեկ ամիս հետո, դուրս է որևէ տրամաբանությունից: Սա իրավական տեսակետից որևէ հիմք չունի, մնում է քաղաքական հետապնդումները կամ միջանձնային հարաբերությունները: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ մարդասպանները դեռ մեր մեջ են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: