«ԼՂ հակամարտության գոտում ռազմական էսկալացիան հատկապես այս փուլում չափազանց անցանկալի զարգացում է Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար». Լուկիանով

«Իդլիբում իրադարձությունների զարգացման երկու սցենար կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբ շրջանում վերջին շաբաթներին զարգացող իրադարձություններին ու դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ուշագրավն այն է, որ սիրիական պատերազմը վերջին շաբաթներին վերաճում է միջպետական պատերազմի Սիրիայի և Թուրքիայի միջև, որոնց մեջքի ետևում խոշոր խաղացողներ կան՝ ի դեմս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի: Նրա բնորոշմամբ՝ ներկայումս Իդլիբում ծավալվողը սկզբունքային նշանակություն ունի ներգրավված բոլոր կողմերի՝ սիրիական Կառավարության, Թուրքիայի և Ռուսաստանի համար, ուստի զիջում այստեղ դժվար է պատկերացնել:

Լուկիանովի կարծիքով՝ Իդլիբի շուրջ ծավալվող բազմաշերտ դիմակայությունը սիրիական պատերազմի գագաթնակետն է, որը սպասելի էր, քանի որ Իդլիբում լուրջ  ռազմական ներկայություն էր կուտակվել Աստանայի համաձայնություններից և զիջումներից հետո և կարելի էր կանխատեսել, որ իրավիճակը կպայթի, որ Թուրքիան ունակ չի լինի վերահսկել այնտեղ կենտրոնացած բոլոր խմբավորումներին:

Այս ամենի արդյունքում, նրա կարծիքով, Աստանայի պայմանավորվածությունները տապալվեցին Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականության պատճառով, որը միտված էր թուրքական ազդեցության ընդլայնմանը, Սիրիայի հնարավոր տապալումից հետո տարածքային ձեռքբերումներին:

«Սիրիական պատերազմի ինչ-որ փուլում Իսլամական պետության դեմ պայքարը հանգեցրեց քրդական գործոնի ամրապնդմանը, ինչը ևս մարտահրավեր դարձավ Թուրքիայի համար, բայց Թուրքիայի խնդիրը միայն քրդական գործոնը չէր, այլ Սիրիայից միգրացիան, որը տնտեսական խնդիրներ է ստեղծում Թուրքիայի համար: Թուրքիայի դեպքում խնդիր էր նաև քաղաքական իշխանությունը պահպանելու առաջնահերթությունը: Այս ամենում որոշակի դերակատարություն ունի նաև Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողություններով, Թուրքիան վերջին տարիներին անընդհատ փորձեց Արևմուտքին ցույց տալ, որ անկախ խաղացող է, այնինչ Իդլիբի իրավիճակի բռնկման դեպքում դիմեց ՆԱՏՕ-ին և Արևմուտքին աջակցության համար:

Այս ամենում հեշտ չեն նաև Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, որոնցում կա գիտակցումը, որ առանց այս հարաբերությունների բարդ կլինի, սակայն այս աշխարհաքաղաքական խնդիրն ամենաազդեցիկն է երկկողմ հարաբերություններում, և, եթե այն լուծվի բանակցային ճանապարհով, ռուս-թուրքական բոլոր պրոյեկտները կփրկվեն: Եթե այս փուլում ևս հնարավոր լինի իրավիճակը փրկել Աստանայի համաձայնությունների նման համաձայնություններով, ապա կկարողանանք պնդել, որ Ռուսաստանի քաղաքականությունը եղել է ճիշտ, իսկ եթե չհաջողվի խուսափել ռուս-թուրքական բախումից Սիրիայում, ապա նախկինում բոլոր դիվիդենտները, որոնք պատերազմը ստացել էր Ռուսաստանի միջամտության հետևանքով, հօդս կցնդեն: Այս պահին երկու սցենարն էլ իրատեսական է»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի նկատմամբ այս ամենի ազդեցությանը, Լուկիանովն ասաց, որ, չնայած ԼՂ հակամարտության գոտում մշտապես պատերազմի վերսկսման վտանգ կա, սակայն հակամարտող կողմերի նկատմամբ ազդեցություն ունեցող արտաքին դերակատարներն այսօր այնպիսի մեծ խնդիրներ ունեն Մերձավոր Արևելքում, որ դժվար է պատկերացնել, որ կարող են հավանություն տալ դրան մոտ այլ գոտում ռազմական էսկալացիային, որը ևս կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

«Դժվար է միանշանակ վերլուծություններ անել, հատկապես, երբ սահմանում այս հակամարտության դեպքում միշտ կան կրակոցներ, ամենաանկանխատեսելի պահերի կարող է բռնկվել պատերազմ, սակայն այն  հատկապես այս փուլում չափազանց անցանկալի զարգացում է Ռուսաստանի, կարծում եմ, նաև Թուրքիայի համար, քանի որ արդեն Սիրիայում Թուրքիան ուրվագծել է այնպիսի պլաններ՝ դրանից բխող հետևանքներով, որոնք արդեն այսօր չի կարողանում կարգավորել, ուստի չեմ կարծում, որ գործընկերների խնդիրներն այս պահին տեղ ունեն Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս