Անդրանիկ Քոչարյանի ընտրությունը

«ՍԴ դատավորները այն գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե երկրում ինչ է փոխվել, և մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով»,- այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դուք կարծում եք՝ «Այո»-ն կարևոր խնդիր չէ՞ մեր երկրի համար։ Դա միայն չգիտակցեցին ՍԴ դատավորները, որոնք, նույնիսկ եթե որևէ բան չընկալեին, իրենք կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, իրենք գնացին բեռի տակ թողնելու ճանապարհով։ Այդ գիտակցությունն էլ չունեցան, այդ քաղաքական հոտառությունը չունեցան։ Նրանք, եթե նույնիսկ որևէ բան չընկալեին, կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, սակայն գնացին բեռի տակ թողնելու ճանապարհով»,- ասել էր նա:

Շատ հետաքրքիր ու ձեռնտու դիրքորոշում է, ինչ խոսք:

Փաստորեն, այն ժամանակ, երբ նույնիսկ օրինական կաշառքի՝ վաղ կենսաթոշակի օրենքը հորինելուց իշխանությունները չխորշեցին, ինչ է թե՝ ազատվեն ՍԴ դատավորներից, տուրք տան իրենց քմահաճույքին կամ ինչ-ինչ հեռահար նպատակների իրագործմանը, դա չէր նշանակում երկիրը ֆինանսական բեռի տակ թողնել, իսկ երբ դա էլ չաշխատեց, ու մարդիկ իրենց մարդկային ու մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը վեր դասեցին ստորաքարշ, բայց ապահով կյանքից, արդեն նրանց վրա դրվեց երկիրը ֆինանսական ծանրության տակ դնելու կեղծ օրակարգի բարոյական բեռը:

Ի դեպ, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքով նախատեսվում էր Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Արդյունքում՝ ՍԴ նախագահի ամսական կենսաթոշակի գումարը կարող է կազմել 1.375.712 դրամ, ՍԴ անդամի կենսաթոշակի գումարը՝ 1.031.784 դրամ։ Տարեկան կտրվածքով 6 դատավորների և նախագահի կենսաթոշակի ընդհանուր գումարը կկազմեր 90.796.992 դրամ։ Այս ծախսից հարկատուներին ազատեցին հենց իրենք՝ ՍԴ դատավորները՝ հավատարիմ մնալով դատավորի իրենց կոչմանը, երբ երեկ՝ փետրվարի 27-ին, ՍԴ դատավորներից որևէ մեկը չդիմեց վաղ կենսաթոշակի անցնելու համար։

Սահմանադրական հանրաքվեի համար իշխանությունները մոտ 3.5 միլիարդ դրամ գումար են ծախսելու, կրկին հարկատուներիս կողմից վճարված ու գոյացած գումարներից:

Իսկ հիմա վաղ կենսաթոշակի օրենքով թոշակի գնալու դեպքում տարեկան 90.796.992 դրամը բազմապատկեք տասնյակ տարիներով ու համեմատեք հանրաքվեի համար ծախսվող 3.5 միլիարդ դրամի հետ: Շա՞տ է տարբերությունը: Պատկերացրեք՝ ոչ: Այնպես որ, Անդրանիկ Քոչարյանը թող իր մանիպուլյատիվ հնարքների զինանոցը թողնի այլ դեպքերի համար: Վստահ ենք՝ իշխանություններին դեռ շատ են պետք գալու:

Եվ մի բան էլ… Իհարկե, Անդրանիկ Քոչարյանի համար, թերևս, անհասկանալի է այն իրողությունը, թե ինչպե՞ս կարող էին ՍԴ դատավորները հրաժարվել երաշխավորված անհոգ կյանքից, բայց յուրաքանչյուրն այս կյանքում իր ընտրությունն է կատարում: Մեկը գերադասում է աղետի գոտի թալանել, մյուսն էլ՝ արժանապատիվ կյանքով ապրել, գլուխը բարձր ման գալ այս քաղաքում ու չամաչել իր ապրածի համար: Ճաշակի հարց է:

Տեսանյութեր

Լրահոս