«Իդլիբի դեպքերի հետ կապված՝ Թուրքիան նախաձեռնում է դիմել ՆԱՏՕ-ին՝ իրավիճակին միջամտելու համար». Արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի սկզբից Իդլիբում իրավիճակն անհամեմատ լարվել է, ինչը պայմանավորված է սիրիական կառավարական ուժերի կողմից շրջանի ազատագրման գործողությունների ակտիվացմամբ։

«Ռազմական այս գործողությունների արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել մի քանի կարևոր բնակավայր և սիրիական հակամարտության սկզբից ի վեր վերականգնել վերահսկողությունն առանցքային նշանակության ավտոճանապարհների վրա, որոնք մի կողմից՝ կապում են Սիրիայի հյուսիսը հարավի հետ, մյուս կողմից՝ արևելքը՝ արևմուտքին։ Այս գործողությունները ներառում էին այն տարածքները, որտեղ 2018 թվականի սեպտեմբերին Սոչիում Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձևավորվել էին  հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների գոտու վերահսկման թուրքական դիտակետեր։ Ուստի գործողությունները ներառում են նաև այդ դիտակետերի զբաղեցրած տարածքները, որի արդյունքում բախումներ եղան Սիրիայի կառավարական ուժերի և թուրք զինծառայողների միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետը՝ անդրադառնալով Իդլիբում վերջին շրջանում իրավիճակի սրմանը և հնարավոր զարգացումներին։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ փետրվարի 27-ի գիշերը՝ լույս 28-ին, տեղի ունեցած գործողությունների ընթացքում թուրքական կողմը կրել է առավելագույն թվով կորուստներ, ընդհանուր առմամբ փետրվարի սկսզբից մինչև օրս թուրքական կողմի մարդկային կորուստների թիվը հասնում է հինգ տասնյակի։
Իդլիբում նախորդ գիշեր տեղի են ունեցել թեժ բախումներ Սիրիայի կառավարական ուժերի և թուրքամետ զինվորականների միջև, որոնց որոշ ներգրավվածություն է ունեցել նաև ռուսական օդուժը։

«Այստեղ հետաքրքիրն այն է, որ Թուրքիան ուղղակի մեղադրանքներ չի հնչեցնում, Ռուսաստանի հասցեին, նրա համար իրական մեղավորները սիրիական կառավարական ուժերն են, որոնց օրեր առաջ Էրդողանը ժամանակ էր տվել՝ մինչև փետրվարի վերջ նահանջել այն դիրքերից, որոնք նրանք ունեցել են մինչև այս գործողության մեկնարկը։ Թուրքիան նախաձեռնում է դիմել ՆԱՏՕ-ին՝ իրավիճակին միջամտելու համար»,- շեշտեց Ա. Պետրոսյանը։

Արաբագետի դիտարկմամբ՝ այսօր սիրիական հակամարտությունը բովանդակային առումով փոքրացրել է աշխարհագրական սահմանները, և այժմ ընթանում են մեկ նահանգի աշխարհագրական տարածքում, որն ավելի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել  արտաքին ու ներքին բոլոր դերակատարների հարաբերություններում։ Նաև սա է պատճառը, որ նման կտրուկ լարվածություն է նկատվում։

Ըստ Ա.Պետրոսյանի՝ Սիրիայում  ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե այս շրջանում Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան ռազմական գործողությունների աշխարհագրական գոտին ընդլայնվի։
Ինչ վերաբերում է Իդլիբում լարվածության ազդեցությանը տարածաշրջանի վրա, ապա Արմեն Պետրոսյանը նշեց, որ Իդլիբում ռազմական գործողություններում ներգրավված կողմերն ուղիղ շահեր ունեն նաև տարածաշրջանում, ուստի նրանց հարաբերություններում հնարավոր զարգացումները և՛ դրական, և՛ բացասական կարող են ազդել նաև տարածաշրջանի վրա։

«Դժվար կանխատեսելի է զարգացումների ընթացքը, քանի որ դրանք պայմանավորված են Սիրիայում ստեղծված իրավիճակով և դրա հետագա փոփոխություններով»,- եզրափակեց արաբագետը։

Տեսանյութեր

Լրահոս