«Իշխող կուսակցության ռազմավարությունը կրթության ոլորտում ո՞րն է. նույն կուսակցության 2 անդամներ տանում են տարբեր կրթական-քաղաքական գծեր». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ուսումնասիրելով վերջին շրջանում կրթությանն առնչվող փոփոխությունները, հնչած տեսակետները, պնդում է՝ կրթության ոլորտում իրավիճակը բարդ է: Ըստ փորձագետի՝ շատ տարօրինակ էին «Նախնական և միջին կրթության մասին օրենքի» վերջին փոփոխությունները: Նա պնդում է՝ կրթության առաջընթացի համար մեկ ընդհանուր գաղափարախոսական հիմք է պետք, որը չկա.

«Կարկատաններ անելով՝ փորձում ենք կրթության ոլորտն առաջ տանել, երբ հստակ բոլորս հասկացել ենք, որ ոլորտը արմատական, ռազմավարական փոփոխությունների կարիք ունի»:

Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը դեմ է, որ ուսումնարաններում, քոլեջներում վճարովի ուսուցում լինի, որովհետև ասում է՝ «դա Սահմանադրությանը հակասում է»: Նույն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, որը ԱԺ-ում հանձնաժողովի նախագահն է, գալիս է օրինագծով, որով առաջարկում է քոլեջներում և ուսումնարաններում դնել վճարովի ուսուցում:

Անհասկանալի է, թե հիմա իշխող կուսակցության ռազմավարությունը կրթության ոլորտում ո՞րն է, որովհետև նույն կուսակցության երկու անդամներ տանում են տարբեր կրթական-քաղաքական գծեր: Մեկն ավելի լիբերալիզմ է տանում, երբ ասում է՝ «հա, ի՞նչ կա որ, թող վճարովի էլ լինի», նախարարը սոցիալ-դեմոկրատական գիծ է տանում: Հիմա գաղափարախոսական մոտեցումը ո՞րն է, մենք լիբերալիզմի՞ ուղղությամբ ենք տանում կրթական համակարգը, թե՞ սոցիալ-դեմոկրատի»:

Սերոբ Խաչատրյանը պնդում է՝ չկա մի երկիր, որն առանց գաղափարախոսություն որդեգրելու՝ կրթական համակարգ է փոխել.

«Որոշ երկրներ գնացել են ավելի սոցիալիստական հիմքով, մյուսները՝ լիբերալ: Ինչ-որ մի գաղափարական միավորող բան է պետք, որ այդ գծով տանենք, թե չէ այս ձևով ամեն մեկը եթե իր կողմը քաշի…»:

Տեսանյութեր

Լրահոս