Մալաթիա-Սեբաստիայի այդ խնդրահարույց տարածքում արդեն 30 շուն բռնել են. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու անդամ, «ԴԻՆԳՈ» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը համոզված է՝ թափառող շների «հարցը հնարավոր է լուծել» ստերջացման միջոցով:
«Բոլոր երկրներում փորձված և արդյունավետ ձևը ստերջացման ծրագիրն է: Հիմա քաղաքում ունենք խնդիր, որը հիմնականում կապված է զուգավորման շրջանի հետ: Այն տևելու է ամենաշատը 10-15 օր: Դեռևս չստերջացված շները կարողանում են ոհմակ հավաքել և զուգավորման շրջանի ֆոնին որոշակի ագրեսիա դրսևորել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օվսաննա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ ստերջացման ծրագիրը մի փոքր երկար ժամանակ է պահանջում, սակայն երկարաժամկետ կտրվածքով ավելի արդյունավետ է, քան սպանդը, որը որևէ արդյունք չի տվել:
«Շատերն են խոսում այն մասին, որ շները պետք է պահվեն կացարաններում, ինչը նույնպես հնարավոր չէ: Սերունդները մեծամասամբ հայտնվում են դրսում, և ամբողջ հանրապետությունում ունենք չլուծված հարց: Այսինքն, հիմա, եթե բոլոր շներին տանենք կացարան, հաջորդ տարի նույն պատկերն ենք ունենալու: Շների ագրեսիան լինում է զուգավորման շրջանում, ձագերին պաշտպանելու ժամանակ: Սակայն հիմա, քանի որ բոլոր շները ստերջացված չեն, բավական է՝ ոհմակի մեջ լինի մեկ չստերջացված շուն, որպեսզի նրանք բնազդորեն հիշեն զուգավորման շրջանը»,- մանրամասնեց Երևանի ավագանու անդամը:
Օվսաննա Հովսեփյանի փոխանցմամբ՝ ըստ նախնական, ոչ հաստատված հաշվարկների՝ Երևանում մոտ 5000-6000 շնից մոտ 3000-ն արդեն ստերջացված է:
«Մինչ այս ահազանգել են, եկել շներին սպանել են, այսինքն, մարդիկ չեն տեսել, թե վարագույրից այն կողմ ինչ է կատարվում: Շատ դաժան իրավիճակ է եղել, և դրա արդյունքում շների թիվը չի պակասել: Ունենք 20 տարվա սպանդ, տեղային լուծում՝ գլխացավի դեղի նման, որը փաստացի ոչ մի արդյունք չի տվել: Այն երկրներում, որոնց փողոցներում այսօր շներ չկան, կիրառվել է ստեջացման ծրագիրը: Մենք պետական մակարդակով ոչ մի կերպ չենք վերահսկում շների բուծումը: Թափառող շների առնվազն 70 տոկոսը տան շների սերունդ է: Մարդիկ բուծում են իրենց կենդանիներին, հետո ձագերը հայտնվում են դրսում: Քանի դեռ դա պետական մակարդակով չենք կանոնակարգում, լիցենզավորում բուծումը, անընդհատ այս խնդիրն ունենալու ենք: Ամեն մարզ պետք է ունենա իր ՊՈԱԿ-ը, որը կզբաղվի մարզի թափառող կենդանիներով»,- նշեց նա:
168.am-ի հարցին՝ վերջին դեպքը եղել է փետրվարի 18-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, բնակիչները դժգոհում են, որ անգամ դպրոցների մոտ են շները շատ, կա՞ քաղաքապետարան-համայնքապետարան համագործակցություն՝ գոնե դպրոցների մոտ շների առկայությունը բացառելու համար, Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց.
«Ընդհանրապես քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը դպրոցներ-մանկապարտեզների մոտ գտնվող շներին բռնելուց հետո այլևս չի վերադարձնում նույն տարածք: Մալաթիա-Սեբաստիայի այդ խնդրահարույց տարածքում արդեն 30 շուն բռնել են»:
Նա չկիսեց այն տեսակետը, որ էգ շները հիմնականում ստերջացումից հետո ավելի ագրեսիվ են դառնում:
«Նման բան չկա: Ագրեսիվ են դառնում ձագերին, էգին պաշտպանելու և զուգավորման շրջանում: Ստերջացումից հետո այդ բոլոր պատճառները վերանում են: Բայց չի վերանում մարդկային գործոնը: Չպետք է մոռանանք, որ մեր հասարակությունը մեծ մասամբ կենդանասեր չէ: Շատ եմ տեսել, որ երեխաները հարվածում են կենդանիներին, իսկ ծնողները դիտողություն չեն հանում: Այդ նույն կենդանին վրեժ է պահելու երեխաների նկատմամբ և հետագայում հարձակվելու է նրանց վրա»,- ընդգծեց Երևանի ավագանու անդամը: