«Հեղափոխական գործընթացները կավարտվեն, երբ հանրության մեջ այլևս չի լինի ատելության մթնոլորտ». Սերոբ Անտինյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ
– Պարոն Անտինյան, ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխության հանրաքվեն Դուք համարում եք ոչ թե սահմանադրական, այլ հեղափոխության հանրաքվե, որովհետև, ըստ Ձեզ՝ հեղափոխական գործընթացներն անավարտ են: Այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի այն ձևակերպել՝ որպես հեղափոխության հանրաքվե:
– Ձևակերպումների շուրջ կարելի է վիճել, կարելի է քննարկել, համենայնդեպս, որպես իրավական գործընթաց՝ այն կոչվում է՝ սահմանադրական հանրաքվե: Այլ հարց է, որ գործ ունենք իրավաքաղաքական գործընթացի հետ: Հեղափոխությամբ իշխանության երեք թևերից երկուսը՝ գործադիրն ու օրենսդիրը, ամբողջությամբ վերափոխվեցին, մինչդեռ դատական համակարգը մնաց և շարունակում է գործել նախկին տրամաբանության մեջ: Խոստացված անցումային արդարադատությունը կամ վեթինգը չգտավ որևէ կիրառություն, և մենք այսօր տեսնում ենք, որ սլաքներն ուղղվում են դատական իշխանության վրա, և դատական իշխանության վերափոխման խնդիր կա: Սա է պատճառը, որ ես այդ հանրաքվեն այդպես եմ որակում: Վերջին հաշվով, քաղաքական գործընթացներն ավարտին պետք է հասցվեն, որպեսզի ամբողջությամբ տեղի ունենա վերափոխում:
– Հիմա դատական համակարգի հեղափոխությունը միայն ՍԴ-ո՞վ է սկսվում և ավարտվում, մասնավորապես՝ այս 7 դատավորով:
– Տեսեք, առաջին հայացքից կարող է թվալ, թե սպասվող հանրաքվեն ուղղված է կոնկրետ անձանց դեմ, մինչդեռ, եթե մի փոքր հետ գնանք և փորձենք տեղի ունեցածի քաղաքագիտական անալիզ անել, պետք է փաստենք, որ ոչ վաղ անցյալում գործ ունեինք պետության զավթման երևույթի հետ: Այսինքն՝ մի քանի տասնյակ մարդկանց խումբ զավթել էր պետական ինստիտուտները և դրա միջոցով ապահովել էր կայուն վերարտադրություն:
– Հասարակությունը նրանց մերժեց:
– Փորձենք հասկանալ. պետության զավթումն ունի տարբեր բաղադրիչներ. Պետության զավթման մի բաղադրիչ է նաև իրավական օկուպացիան, երբ մենք գործ ունենք օրենսդրության հարմարեցումների՝ այդ խորքային պետության շահերի սպասարկմանը: Ինչ ասել է՝ օրենսդրության հարմարեցումներ. Երբ ունենալով այդ հնարավորությունը՝ պետությունը զավթած քաղաքական ուժը կամ մարդկանց խումբն իրականացնում է օրենսդրական այնպիսի փոփոխություններ՝ սկսած ամենատարրական նորմատիվ իրավական ակտերից, մինչև Սահմանադրություն, որով, ըստ էության, տեղի է ունենում իշխանության հավերժ վերարտադրություն: 2015թ. սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, մի մանիպուլյատիվ ակտ էր, որով տեղի ունեցավ Սահմանադրության հարմարեցում՝ իշխանության վերարտադրության համար: Եվ եթե մենք խոսում ենք իրավական օկուպացիայի մերժման մասին, եթե խոսում ենք սահմանադրին՝ ժողովրդին, իր իրավունքների լիարժեք վերադարձման մասին, մենք պետք է այդ իրավական օկուպացիայի էլեմենտները թոթափենք:
– Այդ դեպքում ճիշտ չէ՞ր լինի սկսել սահմանադրական փոփոխություններից, այսինքն՝ եթե Սահմանադրությունը հարմարեցվել է նախորդ իշխանություններին, գործող իշխանություններն ինչո՞ւ են հարմարվում այդ Սահմանադրությանը:
– Եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, ես կողմնակից էի Սահմանադրության ամբողջական փոփոխություններին: Սակայն, ենթադրում եմ, որ գործիքակազմերի ընտրությունն այդքան մեծ չի եղել, և այդ ամբողջական փոփոխությունների ճանապարհը, թերևս, երկար է թվացել:
– Իշխանությունները տարբեր առիթներով հայտարարել են, որ նախկիններն այլևս վերադարձի հնարավորություն չունեն, նրանք «քաղաքական դիակներ» են, հիմա կարծես փորձ է արվում այս քարոզարշավը վերածել նախկիններին հերթական անգամ մերժելու գործընթացին, քանի՞ անգամ է ժողովուրդը ստիպված լինելու մերժել «մերժվածներին», «քաղաքական դիակներին»:
– Այ, հիմա դուք պատասխանեցիք ձեր իսկ տված հարցին, թե ինչու եմ ես այս հանրաքվեն ավելի շատ հեղափոխության հանրաքվե անվանում: Ըստ էության, չի ավարտվել հեղափոխությունը, և մենք գործ ունենք դեպի հեղափոխական օրակարգ վերադարձի հետ, և թե՛ քարոզչությունը, թե՛ ամբողջ պայքարը ծավալվելու է հեղափոխության-հակահեղափոխության տիրույթում, ինչն այս գործընթացը դարձնում է ավելի շատ քաղաքական, քան իրավական:
– Բայց քաղաքական ուժերը չեն ձևավորել «Ոչ»-ի շտաբ, այն ձևավորվել է իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանների կողմից, որոնք ասում են, որ ներկայացնելու են խնդրի բացառապես իրավական կողմը:
– Գործընթացները տեղափոխել իրավական տիրույթ, ըստ էության, ծուղակ է, որովհետև մենք գործ ունենք մաքուր քաղաքական գործընթացի հետ:
– Նրանք ասում են, որ ընթացակարգերը չեն պահպանվել, գործընթացը հակասահմանադրական է:
– Սա հենց իմ ասածի վկայությունն է, որ այնտեղ չկա լուծում, չկա պատասխան, իրավական գործընթացում այս հարցը չունի պատասխան:
– Ի վերջո, ե՞րբ է ավարտվելու այդ հեղափոխական գործընթացը:
– Հեղափոխական գործընթացները կավարտվեն, երբ հանրության մեջ այլևս չի լինի ատելության մթնոլորտ: Իսկ ատելության մթնոլորտը քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունից է և, ըստ էության, այն հանգամանքից է, որ պատասխանատվության դաշտը չի մաքրվել, չի լուծվել պատասխանատվության խնդիրը: Պատասխանատվությունը պետք է բխեր հեղափոխությանը բերած երևույթների հստակ քաղաքական և իրավական գնահատականից:
– Հիմա այստեղ ո՞վ է մեղավոր՝ իշխանությո՞ւնը, ընդդիմությո՞ւնը:
-Ես կարծում եմ, որ քաղաքական գնահատական պետք է տան իշխանությունները:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում