Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը կգլխավորի Վախթանգ Գոմելաուրին
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը: Այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 19-ին հայտարարել է կառավարության նիստում։
«Դուք գիտեք, որ Անվտանգության խորհուրդը շատ կարեւոր մարմին է, հատկապես այսօր, այն պետք է աշխատի ու գործի արդյունավետորեն: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ մենք ձեզ ներկայացնում ենք Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին: Նա ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին է: Ես շնորհավորում եմ պարոն Վախթանգին այդ կարեւոր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, իհարկե, համատեղությամբ: Դա նշանակում է, որ նրա գործառույթները կուժեղացվեն ու կրկնապատկվեն»,-հայտարարել է Գախարիան:
Մինչեւ վերջին ժամանակներս Անվտանգության խորհուրդը գլխավորում էր Լեւան Իզորիան: Նա նշանակվել է Գերմանիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, հաղորդել է Sputnik-ը: