ԵՊՀ ռեկտորի թեկնածուի 3 անուն է շրջանառվում. Կկարողանա՞ ԿԳՄՍՆ-ն ազդել ընտրության արդյունքների վրա
Մարտի 23-ից հետո ԵՊՀ-ն նոր ռեկտոր կունենա: Հաստիքը թափուր է դեռ անցած տարվա մայիսից, երբ Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Գևորգյանը: Արդեն 3 օր է՝ մեկնարկել է թափուր պաշտոնի համար դիմումների ընդունումը: ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ շրջանառվում է հնարավոր 3 թեկնածուի անուն.
«Հայտ ներկայացրածների անուններն ինձ հայտնի չեն, բայց շրջանառվում են Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի անունները»:
Ցանկալի թեկնածուների մասին Ափոյանը հրաժարվեց խոսել, ասում է՝ այդ մասին մտածելը դեռ վաղ է, պետք է սպասել մինչև հայտերի ընդունման ավարտը: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Մայր բուհի ռեկտորի պաշտոնին հավակնում է նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ՝ Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը: Այս լուրը հերքեց թե՛ Գաբրիելյանը, թե՛ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Իսկ պարտադի՞ր է, որ ԵՊՀ ռեկտորը լինի հենց համալսարանական:
«Կանոնադրությունը չի արգելում, որ այլ տեղից լինի, բայց կարծում եմ, որ դա կարևոր է: Համալսարանն ունի ներքին խնդիրներ, նոր ռեկտորը եթե համալսարանից չլինի, պետք է ծանոթանա նաև համալսարանական կյանքին, համալսարանի խնդիրներին, որոնք հաճախ նաև կենցաղային բնույթ են կրում: Այդ ադապտացիոն շրջանը կարող է շատ երկար տևել նոր ռեկտորի արտաքին թեկնածուի համար: Բացի դրանից, չեմ կարծում, որ համալսարանում այսօր չկան մարդիկ, որոնք կոմպետենտ են ռեկտոր դառնալու համար, և մենք պետք է դրսում փնտրենք ռեկտորի մեր թեկնածուին: Կարևորում եմ համալսարանի թեկնածուին»,- ասաց Դավիթ Ափոյանը:
ԵՊՀ ռեկտորին ընտրում է Հոգաբարձուների խորհուրդը: Ընտրությունը վավեր է համարվում, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի երկու երրորդը: Դավիթ Ափոյանից հետաքրքրվեցինք՝ ԿԳՄՍՆ-ն կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ խորհրդի որոշման վրա.
«Խորհրդում 50 %-ը Կառավարության և լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, միամիտ կլինենք, եթե ասենք, որ որևէ ազդեցություն չեն ունենա: Ես հույս ունեմ, որ խոհեմ կգտնվեն, և, ինչպես շատ դեպքերում և շատ այլ տեղերում, Պետական համալսարանում էլ Կառավարությունը մի այնպիսի թեկնածուի չի անցկացնի, «անցկացնել» բառի բուն իմաստով, որը բուհի ցանկալի թեկնածուն չի լինի և բուհի համար կդառնա իմպերատիվ կառավարում իրականացնող»:
Ըստ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի՝ թափուր պաշտոնին հավակնելու համար թեկնածուն պետք է ունենա դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում, պետք է ներկայացնի գործունեության ծրագիր: ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի համար կարևոր է, որ թեկնածուն առաջնորդվի բուհի շահերով.
«Ռեկտորի թեկնածուն պետք է ցանկացած պարագայում շարժվի բուհի շահով և բուհի շահից չգերադասի որևէ այլ շահ: Դա է ինձ համար առաջնայինը: Պետք է նաև կառավարման փորձ ունենա, կազմակերպական ունակություններ, պետք է լինի գիտության մարդ, դրանք շատ կարևոր հատկանիշներ են: Չեմ ուզենա կանխակալ վերաբերմունք ցույց տալ, բայց հույս ունեմ, որ ռեկտորի ապագա թեկնածուների մեջ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք իմ սրտով կլինեն»,- ասաց Ափոյանը: