Նախադպրոցական կրթության կարևորությունը հասկանալու հրամայականը
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է։ Կրթության այս աստիճանին վերաբերող ցանկացած զարգացում շատ կարևոր է մեզ համար։ Նախադպրոցական կրթությունն անկախության տարիներին այդպես էլ մնաց կրթության ամենաթերագնահատված օղակը։ Մեզ թվում է, որ դժվար թե լուրջ բան կարելի է անել մի ոլորտում, որում ներառված են փոքր երեխաները։
Այ, լուրջ բան է քաղաքականությունը, բիզնեսը, բարձրագույն կրթությունը։ Բայց իրականում ճիշտ հակառակն է։ Մենք երբեք չենք կարող ունենալ նորմալ քաղաքական, տնտեսական, բուհական համակարգ, քանի դեռ լրջորեն չենք զբաղվում նախադպրոցական կրթության խնդիրներով։ Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ Էստոնիան դարձել է աշխարհի առաջատար երկրներից մեկը հանրակրթության ոլորտում։ Մասնագետների կարծիքով՝ Էստոնիայի հաջողության գրավականներից մեկն ուժեղ նախադպրոցական համակարգն է։ Կան գիտական փաստեր, որ նախադպրոցական կրթության վրա ներդրված յուրաքանչյուր 1 դոլարը տարիներ հետո երկրի տնտեսությանը վերադարձնում է 10 դոլար։
Իսկ ի՞նչ արեցինք մենք անկախության տարիներին։ Նախադպրոցական կրթական համակարգի կառավարումը հանձնեցինք տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սա ինքնին վատ լուծում չէր, քանի որ մանկապարտեզը պետք է կառավարվի համայնքի կողմից։ Բայց ինչպես շատ հարցերում, այնպես էլ՝ այս դեպքում, հաշվարկված չէին բոլոր հնարավոր հետևանքները։ Օրինակ՝ մանկապարտեզների շենքերի հարցը։ Այն բանից հետո, երբ մանկապարտեզներն անցան համայնքային ենթակայության տակ, բազմաթիվ համայնքներում շենքերը վաճառվեցին։ Արդյունքում՝ Երևանում ու շատ այլ բնակավայրերում մանկապարտեզների շենքերի խնդիր առաջացավ։ Ու երբ Երևանում մանկապարտեզները դարձան անվճար, պարզվեց, որ բավարար թվով շենքեր չկան։
Մյուս գործոնը կապված էր ֆինանսավորման հետ։ Համայնքներին հնարավորություն տրվեց ինքնուրույն տնօրինելու իրենց բյուջեն, ինչի արդյունքում բազմաթիվ համայնքապետեր գերադասում էին գումարները ծախսել այլ բաների վրա՝ անտեսելով մանկապարտեզների ֆինանսավորումը։ Պետությունն ուղղակի պարտավոր էր մեխանիզմներ ստեղծել, որպեսզի համայնքապետերը պարտադիր ֆինանսավորեին մանկապարտեզները։
Արդյունքում, հատկապես՝ միջին և փոքր մեծության համայնքներում, մանկապարտեզները ֆինանսավորում չստացան։ Այդ մեխանիզմների պարտադրումը կարևոր էր նաև այն առումով, որ բազմաթիվ համայնքներում գյուղապետ էին դառնում կրթական ցածր ցենզ ունեցող մարդիկ, ովքեր շատ հեռու լինելով կրթությունից՝ անտարբեր էին մանկապարտեզների հանդեպ։
Բարեբախտաբար, տարիների ընթացքում մանկապարտեզների կարևորությունը գիտակցվեց, և այսօր ունենք որոշակի դրական միտումներ մանկապարտեզների թվի, հաճախող երեխաների առումներով։ Բայց ենթակառուցվածքներին հասցված վնասն այնքան շոշափելի է, որ տևական ժամանակ է պահանջվելու համակարգը կարգավորելու հարցում։
Խնդիրներ ունենք նաև մարդկային կապիտալի, կառավարման և բովանդակության հարցերում։ Այն բանից հետո, երբ մանկապարտեզների կառավարումը հանձնվեց համայնքներին, Կրթության և գիտության նախարարության համար դժվարացավ նաև մանկապարտեզների հետ աշխատանքը։ Բազմաթիվ խնդիրներ էին ստեղծվում նախարարության աշխատակիցների համար։ Կայացվում էին կամայական որոշումներ համայնքապետերի, մարզպետների կողմից, և նախարարությունը չէր կարողանում լիարժեք միջամտել այդ խնդիրների լուծմանը, քանի որ կար այն գիտակցումը, որ այդ հաստատություններն այլևս նախարարության ենթակայության տակ չեն։ Փլուզվեց նաև վերապատրաստումների համակարգը։ Ճիշտ է, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, «Քայլ առ քայլ» հիմնադրամը որոշ մանկապարտեզների համար իրականացնում են վերապատրաստումներ, բայց այդ ամենը բավարար չէ։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել մանկապարտեզների համակարգը զարգացնելու համար։ Առաջին քայլն այն է, որ պետք է ստեղծել մանկապարտեզների կառավարման և բովանդակության մշակման մասնագիտական թիմ։ Մենք շատ քիչ ռեսուրսներ ենք ծախսում մարդկային կապիտալի ձևավորման վրա։ Քանի որ կադրային առումով խզում է առաջացել, այսօր շատ կարևոր է ներդրումներ անել, որպեսզի ձևավորվի մանկապարտեզների կառավարմանը քաջատեղյակ մարդկանց փոքր թիմ։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է 3-4 մարդ, որոնք փայլուն ձևով կիմանան մանկապարտեզների կառավարման ժամանակակից համակարգը, կուսումնասիրեն միջազգային փորձը։ Նույն ձևով պետք է ևս մեկ թիմ ձևավորել, որը կմասնագիտանա նախադպրոցական կրթության բովանդակության մշակման և մասնագետների վերապատրաստման հարցերում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նախադպրոցական կրթություն» նոր օրենքով նախատեսվում է ներառական կրթության համակարգի ներդնում նաև այս աստիճանում, ապա անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ նաև աջակցության մասնագետներով ապահովելու հարցում։ Մանկապարտեզները պարզապես կձախողեն ներառականությունը, եթե չստանան մասնագիտական աջակցություն հոգեբանների, սոցիալական մանկավարժների, լոգոպեդների միջոցով։ Իսկ Հայաստանում հեշտ չի լինելու գտնել մասնագետներ, ովքեր կցանկանան աշխատել մանկապարտեզներում կամ աջակցության կենտրոններում։
Այսպիսով, ունենք նախադպրոցական կրթության զարգացման համար անհրաժեշտ դրական դինամիկա։ Բայց եթե այս ամենը չդառնա ճանապարհային քարտեզ և հետևողականորեն չիրականացվի, ապա կունենանք գեղեցիկ օրենք, որն իրականության հետ շատ քիչ կապ կունենա։