«Մուկուչյանի՛ն փոխեք, ընտրությունների վերջնական կեղծիքը տեղի է ունենում ԿԸՀ-ում». Լարիսա Ալավերդյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բուռն քննարկումների առիթ է դարձել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև քաղհասարակության մոտ: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ քաղաքացիների շրջանում իրենց անցկացրած հարցումների համաձայն՝ ամենակոռումպացված մարմինը դատարաններն են, ապա՝ մամուլը: Այվազյանը պնդում է՝ օր առաջ պետք է լուծել գործող ՍԴ-ի խնդիրը.

«Տարիներ շարունակ ընտրությունների արդյունքները տվյալ օրվա իշխանության, ռեժիմի կողմից կեղծվել են, եղել է հանցագործություն: Դեմոկրատական պետությունում քաղաքացիների հիմնական իրավունքը՝ ընտրության իրավունքը, խախտվել է, ձայները գողացվել են, ես դա համարում եմ գողություն: Դա իրականացվել է հանցագործ խմբի կողմից, և դա ավարտին հասցնողը եղել է ՍԴ-ն, Հեղափոխությունից հետո մենք ակնկալում էինք, որ շատ արագ նոր իշխանությունը իրավական և քաղաքական գնահատական կտա անցյալին, ինչը, ցավոք սրտի, չարվեց»:

Նա ընդունված որոշումը դրական է գնահատում, սակայն նշում է, որ կարելի էր այլ եղանակով հարցը լուծել, օրինակ՝ Սահմանադրության ամբողջական փոփոխության միջոցով, ինչն այս պահին հնարավոր չէր կազմակերպել: Այվազյանի պնդմամբ՝ իշխանությունը, սակայն, հապաղել չէր կարող:

168.am-ի հարցին, թե ո՞ր ՍԴ-ի ժամանակ են ենթադրյալ կեղծ ընտրությունների արդյունքներ վավերացվել, և արդյո՞ք դա Հրայր Թովմասյանի գլխավորությամբ գործող ՍԴ-ն էր, Այվազյանն արձագանքեց.

«Կարևոր չէ, թե դա ում ՍԴ-ն էր, դա ՍԴ կառույցն էր, որտեղ այժմ գտնվող 7 անդամներից, որոնց հարցը քննարկվում է, տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներում մասնակից են եղել ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումներին, բացի Հրայր Թովմասյանից, որը վերջերս է միացել այդ թիմին: Այսինքն՝ նրանք անձնապես պատասխանատվություն են կրում այն որոշումների համար, որոնց կայացմանը մասնակցել են և, լսելով բոլոր ընտրախախտումների մասին, հաստատել են տվյալ օրվա իշխանության կամքը, և մեզ պարտադրել են կեղծված ընտրությունների արդյունքներ: Ինչ վերաբերում է Թովմասյանին, ընտրական հատվածով որևէ բան չեմ կարող ասել, նրան պետք է դիտարկել այն համատեքստում, որին ականատես եղանք 2018 թ. մարտին: Բոլորս հասկանում էինք, որ ապրիլից ուժի մեջ էր մտնելու նոր Սահմանադրության 7-րդ գլուխը, և տրամաբանական էր, որ պետք էր սպասել, որ այդքան գովերգված դատական փոփոխությունները, որը պետք է բերեր սահմանադրական փոփոխությունը, կհանգեցնեն նրան, որ դատավորները կընտրվեն 12 տարի ժամկետով, իրենց միջից կընտրեն ՍԴ նախագահ: Բոլորս ականատես եղանք, որ չսպասելով դրա ուժի մեջ մտնելուն՝ Թովմասյանը պարգևատրվեց իր նախկին ծառայությունների համար, և նրան նվեր տրվեց մինչև 65 տարեկանը որպես ՍԴ նախագահ պաշտոնավարելը»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ընտրությունների կեղծմանը՝ ասաց, որ այդպիսի իրողության չբախվելու համար պետք է այլ տեղից սկսել.

«Մուկուչյանի՛ն փոխեք, ընտրությունների կեղծիքը տեղի է ունենում, վերջնական  իր տեսքը ստանում է ԿԸՀ-ում: Քանի որ դա չկա, դրա համար են գալիս այդ հիմնավոր անհանգստությունները: Բացասական նախադեպ է ստեղծվում, երբ նոր իշխանությունը փոխում է ՍԴ անդամներին և բերելու են նորը, այսինքն՝ մյուս իշխանությունն էլ ունենալու է նույն հնարավորությունը: Սա երկրի խնդիր է, պետք չէ այնպես երևա, որ ընկած են կոնկրետ մարդկանց հետևից: Մանկամտություն է, երբ ասում են, որ նրանք դեռ կախված են նախկին իշխանություններից, որովհետև երբ խոսվում է իշխանություններից կախվածության մասին, խոսվում է իշխանական լծակներ ունեցող սուբյեկտի մասին: Բերել սահմանադրական փոփոխությունները միջանձնյա հարաբերությունների, դա լավ նախադեպ չէ, բերել նրան, որ հանրաքվեում «Ոչ» ասողները ասելու են «Ոչ» հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին, դա է վտանգավորը»:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ ներկա կազմով գործող ՍԴ-ից ազատվելու իշխանության ցանկությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ, օրինակ, ապրիլին ՍԴ-ում պետք է քննարկվեն ինչ-որ օրենքներ կամ միջազգային պայմանագրեր, որոնց մասով գործող կազմը բացասական դիրքորոշում ունի:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենին անհանգստացնում է նաև հարցի շուրջ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների որակը:

«Այդ ամբողջ ընթացքը, շատ անզուսպ ելույթները խոսում են ցածր իրավական մակարդակի մասին, առաջին հերթին՝ վարչապետի կողմից: Ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ դա ոչ թե երկրի վարչապետի ելույթ էր, այլ Նիկոլ Փաշինյանի, որը թույլ է տվել իրեն այդ ձևակերպումներն ու այդ ոճը: Եթե մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում, մենք մեզ սովորեցնում ենք բիրտ, օրենքից շատ հեռու գտնվող տարածքներում քննարկել կարևորագույն հարցերից մեկը: Դա ոչ միայն իջեցնում է իրավագիտակցությունը, այլև քաղաքական մշակույթը: Սրա հետևանքը կարող եք տեսնել սոցցանցերում: Հայաստանում հիմա երկու լեզու կա՝ հայերեն և «հայհոյերեն», ես գտնում եմ, որ արտահայտվելու ձևը ոչ միայն բառապաշար է, այլև մտապաշար»,- ասաց Ալավերդյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ- ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացում իրավական առումով կա խախտում՝ հանրաքվեի դրվող որոշումը պետք է անցնի ՍԴ-ով, բայց նաև պնդում է, որ ՍԴ անդամները չեն կարող իրենց վերաբերող հարցի մասին դիրքորոշում տալ.

«Բոլորի համար հստակ է, որ ՍԴ-ի որոշ կարգավորումներ՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասը, 169-րդ հոդվածը, իրոք, ենթադրում են, որ հարցը պետք է նախքան հանրաքվեի հանվելը՝ ուղարկվեր ՍԴ, բայց Սահմանադրության տրամաբանությունը և Սահմանադրության փոփոխության տրամաբանությունը, ողջամտությունը ենթադրում է, որ այդուհանդերձ կան լեգիտիմ հիմքեր նման քայլի չդիմելու և միանգամից հարցը հանրաքվեի հանելու համար»:

Իոաննիսյանը նշեց, որ մինչև 2015-ը ՍԴ-ն չուներ նման լիազորություն՝ ստուգելու Սահմանադրության փոփոխության սահմանադրականությունը, և ավելացրեց, որ  չի տեսել մի երկիր, որտեղ ՍԴ-ն նման լիազորություն ունի, չնայած չբացառեց, որ այսպիսիք կան: Նա նաև տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ քարոզչություն են համարվում ոչ միայն «Այո» կամ «Ոչ» քվեարկելու կոչերը.

«Ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի քարոզչություն դիտարկվում է ոչ միայն բուն քվեաթերթիկի վերաբերյալ կամարտահայտման կոչը, այլև մասնակցության և չմասնակցության կոչը: Եթե ընտրությունների ժամանակ կարելի է կոչ անել մասնակցել ընտրությունների, և դա չի համարվի քարոզչություն, ապա հանրաքվեի ժամանակ համարվում է: Պետք է ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը կողմ քվեարկի, որպեսզի հարցն անցնի, միաժամանակ մասնակիցների կեսից ավելին պետք է «կողմ» քվեարկի: Հանրաքվեն  բոյկոտելը ևս քարոզչության ձև է»:

«Այո»-ի ճակատն ի սկզբանե ձևավորված է, իսկ «Ոչ»-ինը՝ դեռ ոչ: Դանիել Իոաննիսյանի կարծիքով, սա խնդրահարույց է, քանի որ այդ պարագայում «Այո»-ի ընդդիմախոսները չեն ունենա հավասար իրավունքներ և պարտականություններ:

«Որևէ ուղղությամբ քարոզչություն իրականացնելը՝ «Այո»-ի, «Ոչ»-ի, մասնակցելու, մասնակցությունից զերծ մնալու, չի կարող դիտվել՝ որպես հակապետական թշնամական գործողություն»,- եզրափակեց Դանիել Ւոաննիսյանը:

Փաստաբան Կարապետ Բադալյանն իրավական առումով որևէ խնդիր չի տեսնում հանրաքվեի իրականացման և դրա ընթացակարգերի հետ կապված.

«Օրինականության տեսանկյունից,  այսինքն՝ ֆորմալիստական առումով, չեմ կարծում, որ որևէ խնդիր կա, որովհետև Սահմանադրության 202 հոդվածը նախատեսում է այն գործողությունները, որ ԱԺ-ն իրականացրեց: Եթե սպառիչ կարգավորումից դուրս ինչ-որ բան են փնտրում, ապա նպատակը պարզ է»:

Փաստաբանը համաձայն է Դանիել Իոաննիսյանի այն պնդման հետ, որ ՍԴ դատավորները չեն կարող քննել մի բանի օրինականությունը, որն անմիջապես իրենց է վերաբերում:

«Եթե անգամ ենթադրենք, որ ֆորմալիստական առումով ինչ-որ խնդիրներ կան, բովանդակային առումով դա իմաստազուրկ գործընթաց է լինելու, իրենք իրենց վերաբերյալ որոշում իրավունք չունեն կայացնելու»:

Տեսանյութեր

Լրահոս