Հանրաքվե առանց «ՈՉ»-ի՞

Ցանկացած ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ընտրել է․ այս խոսքերի ճշմարտացիության մեջ համոզվելու համար պետք չէ լինել հանճար կամ պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգ:

Ինչպես հայտնի է, առաջիկայում ՀՀ-ում սպասվում են նոր ընտրական գործընթացներ․ ապրիլի 5-ին տեղի կունենա իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվե, որով նախատեսվում է փոփոխություն իրականացնել Սահմանադրության համապատասխան հոդվածում։ Արդեն ակնհայտ է, որ այս ամենն առաջին հերթին իշխանությունների կողմից սեփական դիրքերն ամրացնելու փորձ է, սակայն շատ կարևոր է, թե հասարակությունն ինչպես կարձագանքի այդ նախաձեռնությանը։ Որպես քաղաքական թիվ մեկ ինստիտուտ՝ այս թեման խորհրդարանում բավականին անհասկանալի շահարկումների առիթ հանդիսացավ, որը, ի դեպ, կանխատեսելի էր։

Փաստն այն է, որ ներկա փուլում պարզ չէ, թե լինելո՞ւ է հանրաքվեի «ՈՉ»-ի շտաբ, թե՞ ոչ։ Արդեն քանիցս փաստել ենք, որ ՀՀ-ում քաղաքական գոծընթացների բուն ասելիքը դուրս է պառլամենտի պատերից, և հիմնական իրական քաղաքական դիսկուրսն ու օրակարգային հարցերի քննարկումը տեղի է ունենում արտախորհրդարանական ուժերի գործունեության տիրույթում։ Փաստն այն է, որ խորհրդարանում գտնվող ուժերը չեն կարողանում ամբողջովին արտահայտել հանրության տեսակետները․ ընդդիմադիր խմբակցությունները գրեթե զրկված են ինքնուրույն գործելու հնարավորությունից, քանի որ իշխանությունը մի խմբի կարողանում է իրեն ենթարկել տարբեր տիպի կոմպրոմատների ու հստակ ճնշումների միջոցով, իսկ մի հատվածին՝ ձեռքի թաշկինակի պես թափահարում է ցանկության դեպքում։

Ինչ վերաբերում է ԱԺ իշխանական խմբակցությանը, ապա այնտեղ մեծամասնությունը Նիկոլ են կամ ուղղակի նրա խամաճիկը, մարդիկ ակնհայտ չեն կարողանում սեփական տեսակետը հստակ արտահայտել, և հենց այդ պատճառով էլ հաճախ հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում։

Ներկա պահին որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե մտածում են հասարակության համար, փորձում են ամեն ինչ անել բարեկեցիկ ու պատասխանատու հասարակություն ձևավորելու ուղղությամբ, փաստն այն է, որ Փաշինյանն իր համար օրըստօրե խորացնում է «պողոսապետության» արմատները։ Յուրաքանչյուր իշխանության համար հեշտ է իշխել անիրազեկ և զոմբիացված հասարակությանը, հատկապես, երբ աստիճանաբար մարում է հեղափոխական էյֆորիան։

Այսօր իշխանությանը պետք է, որ հասարակությունը հնարավորինս լինի ամորֆ ու իներտ հոգեվիճակում, մտածելու և կարծիք արտահայտելու ունակ չլինի. հենց այսպիսի հասարակությունը չի կարող բուռն գործունեություն ծավալել, նրան ձեռնտու է ունենալ լճացած, կիսամեռ, չպայքարող հանրություն, որպեսզի հետագայում չընդվզի ու չբոյկոտի իշխանությունների կողմից իրականացվող տարբեր անօրինականությունների դեմ։

Տեղի ունեցող զարգացումներն այնքան աննախադեպ ու զավեշտալի են, որ հաճախ փորձում ես իրադարձություններին ժպիտով նայել։ Ներկայումս իշխանությանը հարկավոր է «ՈՉ» քարոզող քաղաքական ուժ, քանի որ դաշտում ակտիվ քաղաքական կուսակցություններն ու Փաշինյանի հիմնական քննադատները, ինչպես հասկանալի է դառնում նրանց հռետորաբանությունից, փորձելու են արհամարհել այս գործընթացը, կամ ուղղակի բոյկոտել այն։

«ՈՉ»-ի չգոյությունն այն աստիճան է կարևոր, որ արդեն որոշ շրջանակներ թեկնածուներ են շրջանառում, թե ովքեր կարող են կատարել այդ դերը, որպեսզի քարոզարշավը, ապա նաև՝ ընտրությունների ողջ ընթացքն անցնի «լեգալ ու լեգիտիմ»։

Մի քանի դիտարկում՝ իշխանությունների վարքագծի մասին․ վերջին մի քանի օրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որքան մեծամիտ են օրվա իշխանությունները և որքան են գերագնահատում սեփական ուժերն ու հնրավորությունները։

Իրականում, որպես կանոն, հանրաքվեներին ժողովուրդն ընդհանրապես ակտիվություն չի ցուցաբերում, քանի որ դա գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա Փաշինյանի ու իր թիմակիցների համար կարևոր է մարդկանց տներից հանելն ու նրանց տեղամաս բերելու ճիշտ մարտավարություն մշակելը։

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին իշխանությունները ստացել էին մոտ 880 հազար ձայն, սակայն ապրիլի 5-ի ընտրություններն ամբողջովին այլ ձևաչափի ընտրություններ են, քանի որ այնտեղ բացակայում է անձնական գործոնը։ Եթե դեկտեմբերին մարդիկ ընտրության էին գնացել այս կամ այն մարդու «խաթեր համար», ապա ապրիլին՝ այս «խաթրի» գործոնը բացակայում է, իսկ իրավական ու սահմանադրական ձևակերպումները հասարակ մարդկանց համար անհասկանալի ու բարդ ձևակերպումներ են։ Հենց դա է պատճառը, որ այսօր արդեն իշխանական ողջ թիմը լուրջ լծված է վարչական մեթոդների ու բոլոր հնարավորությունների օգտագործման քաղաքականությանը։

Ավելին, անգամ, դեռևս քարոզարշավը չսկսած, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են խախտել Ընտրական օրենսգիրքը (Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան)։ Նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում արդեն սկսել են «Այո»-ի քարոզարշավը, ի դեպ՝ աշխատանքային ժամի։ Արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներկայացրել իրենց դիրքորոշումները, սակայն մի բան պարզ է․ եթե ՀՀԿ-ն կամ, ասենք, ՀՅԴ-ն ստանձնեն «ՈՉ»-ի կուրացիան, իշխանությունների համար բավական հեշտ ու կոմֆորտ է լինելու քարոզել իրենց «Այո»-ն՝ բոլոր վեկտորներն ուղղելով նախկին իշխանությունների վերադարձի փաստի վրա։ Այնպես որ, առաջիկա օրերին ուժերը վերջնականապես կհստակեցնեն իրենց անելիքները և կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին։ Չի բացառվում, որ «ՈՉ»-ի հարցը լինի բոլորի համար կարևոր, բայց ոչ ոք բացահայտ չստանձնի դրա առաջնորդումը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս