ԿԳՄՍՆ-ն կապ չունի՞. մի հարցաշարի հետքերով
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Հայոց պատմության հարցաշար պատասխաններով» 9-րդ դասարանի ավարտական քննության համար նախատեսված գիրքը ԿԳՄՍՆ-ն չի երաշխավորել. 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Պատմաբան Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ էր հրապարակել նշված հարցաշարի պատասխաններից մի հատված, որտեղ նշված է, որ 1998-2008 թվականներին ընտրակեղծիքներով 2 ժամկետով նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2008-ից հետո դարձյալ ընտրակեղծիքներով ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ 168TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գեղամ Պետրոսյանն ասել էր , որ տվյալ հարցաշարի նյութը պատմական առումով հիմնազուրկ և բոբիկ նյութ է՝ առանց որևէ պատմական և փաստական հիմքերի:
«Պատմությունը պետք է փաստերով ուսումնասիրել. ընտրությունների արդյունքները, որոնք վավերացրել է այդ տարիներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդյո՞ք վիճարկման արդյունքում փոխվել է։ Չկա որևէ փաստ, որ այդ ընտրություններն անցել են այնպիսի ընտրակեղծիքներով, որոնք ազդել են դրանց վերջնական արդյունքի վրա։ Օրինակ՝ 2008 թվականի ընտրություններին մասնակցել է 6 միջազգային կառույց, 2013 թվականին՝ 12-ը, իսկ միջազգային տարբեր կազմակերպություններից դիտորդների թիվը հասել է ավելի քան 300-ի, այսինքն՝ և՛ տեղական դիտորդների, և՛ միջազգային կառույցների արձանագրած ընտրախախտումները չեն ազդել ընտրությունների վրա։ Իհա՛րկե, որևէ մեկը չի ասում, որ երբևէ որևէ ընտրություն անցել է առանց խախտումների, բայց խոսքը դրանց ծավալների և թողած ազդեցության մասին է»,- ասել էր Պետրոսյանը:
168.am-ը կապ հաստատեց նաև գրքի հեղինակի՝ Գայանե Օհանյանի հետ: Մեր հարցին, թե գիրքը նախնական քննարկում անցե՞լ է, որևէ մեկը երաշխավորե՞լ է այդ գիրքը, Օհանյանը պատասխանեց, որ այն 99 տոկոսով հիմնված է փաստերի վրա.
«Դասագրքերի նյութն է՝ համառոտ ներկայացված: Այնտեղ մի երկու նախադասություն եմ ես ավելացրել՝ որպես գրքի հեղինակ»:
Ի պատասխան ճշգրտման, որ խոսքն ընտրակեղծիքներով ընտրությունների մասին է, և հարցաշարի պատասխանների այն հատվածի, որտեղ 2018-ի ապրիլի դեպքերը ներկայացված են՝ որպես «ժողովրդավարության և հայոց պատմության աստեղային ժամ, երբ ողջ մոլորակը սովորեց հայ ժողովրդից անարյուն հեղափոխություն անել», Օհանյանը պատասխանեց, որ արդեն գլխի էր ընկել, և դրանք իր ավելացրած հատվածներն են.
«Այդ պարբերությունները իմ կարծիքն են, և ոչ միայն՝ իմ, դա ժողովրդի 90 տոկոսի կարծիքն է: Դա գիրք էլ չէ, գրքույկ է, ուղեցույց է, բրոշյուր է՝ սովորողներին քննությունների նախապատրաստելու համար, դա գիտական աշխատություն չէ»:
Պատմաբան Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ նման դեպքերը նորություն չեն, եղել են նաև մինչև հեղափոխությունը, հասկանալի են նաև հիմա:
«Հեղինակը պետք է ձգտի լինել չեզոք, բայց կարծում եմ, որ, ինչպես ժամանակի թելադրանքով այլ տեսակետ էր ազդում այսպիսի գործերի վրա, այնպես էլ հիմա ազդում է այս տեսակետը: Պատմությունը պետք է քիչ քաղաքականացվի, չնայած ես հասկանում եմ, որ այն առաջին հերթին քաղաքական է: Եթե համառոտ ասեմ՝ դա զարմանալի չէ, զարմանալի կլիներ, եթե այդպես չլիներ»,- ասաց Այվազյանը: