«Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել, որ պետք է լինի հանրաքվե». փաստաբան

«Ժամանակն է, որ մեր երկրում գործի օրենքի դիկտատուրա». փաստաբան Լևոն Բաղդասարյանը ողջունում է Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը: Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված  փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: ԱԺ-ն որոշեց՝ ՍԴ-ի հարցը դնել հանրաքվեի: Ստացվում է, որ, եթե ժողովրդի քվեարկության արդյունքներով փոփոխությունների նախագիծն օրենքի ուժ ստանա, ՍԴ գործող դատավորները՝ բացառությամբ երկուսի, որոնք ընտրվել են 2015-ի փոփոխություններից հետո, կլքեն ՍԴ-ն: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը  պնդում է՝ աշխարհը հանրաքվեից ավելի քաղաքակիրթ տարբերակ դեռ չունի:

«Ասել, որ մենք ՍԴ չենք ունեցել, այն եղել է մի անգործ մարմին, որը, չգիտես ինչու, տարփողում է այսօրվա իշխանությունը, կարծում եմ՝ սխալ է: ՍԴ-ն մեր երկրում կայացած մարմին է եղել, բավականին մեծ գործառույթներ իրականացրել է, բայց այստեղ կա մի «բայց»՝ և՛ 1-ին, և՛ 2-րդ, և՛ 3-րդ նախագահների օրոք, երբ տեղի էին ունենում համապետական ընտրություններ, և շահագրգիռ անձինք վիճարկում էին ընտրությունների արդյունքները բարձր ատյանում՝ ՍԴ-ում, ժողովրդի մի որոշ զանգված, տեսնելով ընտրությունների հետ կապված անօրինականությունները, հույս ուներ, որ ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն կիրականացնի: Ցավոք, ՍԴ-ն լավագույն դեպքում կիսահղի արդարադատություն է իրականացրել, և արդյունքում մենք ունեցել ենք ոչ իրավաչափ ակտեր: Իրականության մեջ ունեցել ենք անօրինական ընտրություններ, որոնք էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքների վրա, մյուդ կողմից ունեցել ենք ակտեր, որոնք փաստում էին, որ միգուցե ընտրությունները  եղել են խախտումներով, բայց, ինչպես նրանք էին ֆիքսում այն ժամանակ, դրանք ընտրությունների վրա էական ազդեցություն չեն ունեցել: Դրանով հետևությունը եղել է մեկը, որ ՍԴ-ն ևս, ինչպես դատական իշխանությունը, եղել է գործադիրի ներբանի, կոշիկի տակ, այսինքն՝ անկախ չի եղել»,- ասաց փաստաբանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՍԴ-ն հասարակության շրջանում ունի վստահության ցածր մակարդակ: Դա է պատճառը, որ գործող իշխանությունը նախաձեռնել է նման փոփոխություններ: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է՝ եթե գործող իշխանությունը ցանկանար, որ ՍԴ-ն իր համար էլ աշխատի այնպես, ինչպես՝ նախորդների, ապա դա հենց այդպես էլ կլիներ:

«Պետք է փաստել, որ այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որ ինչ-որ դատարան լինի իր կոշիկի տակ, և դա է պատճառը, որ քաղաքական որոշում է կայացվել, որ պետք է լինի հանրաքվե: Այստեղ կարևորում եմ, որ ՍԴ-ի դատավորները, անդամներն իրենց վերաբերմունքը հայտնեն, և ոչ այսպես կրավորական կեցվածքով ձայն չհանեն, որովհետև իրենց իրավունք-պարտականությունների հետ կապված քաղաքական որոշում է կայացվել: Կարծում եմ, որ վերջինները պետք է բարձրաձայնեն, իրենց կարծիքը հայտնեն, ինչո՞ւ ոչ՝ որպես պրոֆեսիոնալներ, իրավագետներ՝ պետք է փաստեն, որ, այո, քաղաքական որոշում է՝ իր բոլոր իրավական հետևանքներով»,- ասաց փաստաբանը:

2018-ի ամռանը, այն ժամանակ՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչո՞ւ է գործող իշխանությունը «նոր հիշել», որ ՍԴ-ն վստահություն չունի:

«Միանշանակ հեղափոխությունից անմիջապես  հետո պետք է փոխվեր Սահմանադրությունը, քանի որ հենց այդ Սահմանադրության հիման վրա եղավ հեղափոխությունը: Այն կարվեց 3-րդ նախագահի համար, և այդ հիմքով մերժվեց նա, եկավ նոր իշխանություն, որին, չգիտես ինչո՞ւ, դուր եկավ այդ Սահմանադրությունը, և դրա հետևանքների բացասական կրողն այսօրվա իշխանությունն է, բայց «լավ է ուշ՝ քան ուշացած»: Գործող իշխանությունը եթե քաղաքական որոշում է կայացնում, կարծում եմ, որ դա պետք է ողջունել: Ինչ վերաբերում է ձեր ասած գործչի խոսքերին, ապա մի բան է ասելը, մեկ այլ  բան է գործողություններ կատարելը: Իրավական հարթության վրա պետք է փաստենք հետևյալը, որ Սահմանադրությունը գրվեց մի մարդու համար, գրող անձն էլ այնպես արեց, որ ինքը դառնա ՍԴ նախագահ՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

168.am-ի հարցին, թե քաղաքական որոշման համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, և ինչո՞ւ է օրենսդիրը որոշել այդ բեռը գցել իր ուսերից, փաստաբանը պատասխանեց.

«Քաղաքական իշխանությունն ընտրվել է ժողովրդի կողմից, գործառույթ է իրականացնում: Աշխարհի պրակտիկայում անգամ քաղաքներ կան, որ ցանկացած գլոբալ գործառույթ իրականացնելու համար հանրաքվե են իրականացնում: Այսօր քաղաքական իշխանությունը խնդիր չունի, քանի որ ունի ժողովրդի քվեն՝ որոշակի գործառույթներ իրականացնելու համար, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների համար, բայց որոշում է կայացվել, որ ժողովուրդը որոշի, թե ՍԴ դատավորների հետագա ընթացքը ինչպես պետք է լինի: Դա ես տեսնում եմ իրավաչափ, միգուցե, եթե դետալային նայենք, իրավական որոշ խախտումներ կարող են լինել կամ չլինել, բայց գլոբալ առումով դա իրավաչափ եմ տեսնում: Գործող իշխանությունն ասում է՝ «ես իմ վրայից գցում եմ սա, ժողովո՛ւրդ, գցում եմ քեզ վրա, ինքդ որոշիր՝ քեզ դա պե՞տք է, թե՞ պետք չի, պետությանը պե՞տք է, թե՞ պետք չի»:

Բաղդասարյանը մեծ ձեռքբերում է համարում նաև այն, որ այժմ չկան խոսակցություններ հանրաքվեի արդյունքների հնարավոր  կեղծման մասին:

Տեսանյութեր

Լրահոս