«Այս հարցում վարչապետի տեսակետը չեմ կիսում». ինչո՞ւ ջերմուկցիները չեն արձագանքում վարչապետի կոչին

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմելով Ջերմուկ քաղաքի բնակիչներին՝ կոչ էր արել նրանց ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, սակայն բնակիչները չարձագանքեցին վարչապետին։

Հունվարի 25-ին Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը վարչապետի հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ամուլսարի հետ կապված գործընթացներն իրավական խնդիրներ չեն ստեղծի Հայաստանի համար, գուցե կա որևէ խնդիր, որի մասին Կառավարությունը գիտի, սակայն չի բարձրաձայնում:

Մեր հարցին ի պատասխան՝ վարչապետն ասել էր. «Կառավարությունը որևէ խնդրի մասին չգիտի, որը չի բարձրաձայնում, իսկ իրավական խնդիրներ կարող է ունենալ, քանի որ ենթադրում եմ, որ «Լիդիան Արմենիան» կդիմի արբիտրաժ: Ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը, մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, քանի որ նրանց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս։ Այդ հարցը որևէ կերպ չի լուծվելու, քանի դեռ այդ ճանապարհը փակ է՝ մնալու է նույն ստատուս-քվոյի վրա, ինչ եղել է 2018 թվականին: Օրինակ՝ ես շահագրգռություն ունեմ, որ Ամուլսարը և՛ շահագործվի, և՛ ոչ: Ես շահագրգռված եմ, որ շահագործվի, քանի որ այն կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ, եթե այն շահագործվեր, ապա մենք ունենալու էինք ոչ թե 7.5,  այլ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր, և այլն: Մյուս կողմից՝ չեմ համաձայնի, որ սարը շահագործվի՝ ի վնաս Ջերմուկի և հարակից գյուղերի բնակչության առողջության, ինչպես նաև Հայաստանի բնապահպանությանը վնասներ հասցնելու ռիսկին: Հիմա որ դուք Երևանից եկել եք Կապան, բնապահպանությանը վնաս եք հասցրել, որովհետև եկել եք մեքենայով, մենք բոլորս»։

168.am-ի հետ զրույցում Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշեց, որ, եթե մինչև այսօր Ամուլսար տանող ճանապարհը փակ է, ապա նշանակում է, որ ջերմուկցիները երկրորդ անգամ  կրկին չեն արձագանքել վարչապետի կոչին։

«Հանրային քննարկումների ժամանակ բնակիչները եկել են այն եզրակացության, որ ճանապարհները բացվելու են այն ժամանակ, երբ Ամուլսարում հանքարդյունաբերության տված բոլոր թույլտվությունները կկասեցվեն։ Այստեղ կազմակերպությունը կարևոր չէ, կլինի «Լիդիան Արմենինա», թե մեկ այլ կազմակերպություն, սա մեզ չի հետաքրքում, Ամուլսարում հանքարդյունաբերության թույլտվությունը պետք է կասեցվի, և վերջ, մեր պահանջը սա է»,- նշեց Շ. Բունիաթյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից  բնակիչներին մեղադրելուն, մեր զրուցակիցն ասաց, որ վարչապետի խոսքում մեղադրանք չի տեսել, պարզապես նա իր տեսակետն է արտահայտել.

«Իհարկե, այս հարցում վարչապետի տեսակետը չեմ կիսում, ինչպե՞ս կարող եմ կիսել»,- եզրափակեց Շիրակ Բունիաթյանը։

Տեսանյութեր

Լրահոս