
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 հազարը

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 28 հազարը, 563 մարդ մահացել է, 1153-ն՝ ապաքինվել: Փետրվարի 6-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Ավելի վաղ «Վանի» լրատվական պորտալը, վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների տվյալները, տեղեկացրել է 27,4 հազար հիվանդացածի, 1135 ապաքինվածի եւ 563 մահացածի մասին:
Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը:
Չժեցզյանի եւ Գուանդունի նահանգներում (վարակման 895-ական դեպքեր) վիրուսից մահեր չեն արձանագրվել, ըստ որում համապատասխանաբար 46 եւ 78 մարդ ապաքինվել է: Պեկինում (վարակման 253 դեպք) մահացել է մեկ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: