Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ
Այսօր հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Թվարկված նախագծերի իմաստն այն է, որ դրանցով առաջարկվում է մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։ Իսկ Սահմանադրությունում փոփոխությունների հիմնական նպատակը ներկայացված է արդեն իսկ ԱԺ կայքում տեղադրված հետևյալ նախադասության մեջ․ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Այսինքն՝ այս բոլոր սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից և ՍԴ գործող կազմից ազատվելն է։ Դա իշխանությունների համար դարձել է գերնպատակ, այն աստիճանի մտասևեռում, որ դրան հասնելու համար նպատակների մեջ խտրականություն չի դրվում, հողին են հավասարեցվում սահմանադրականության, իրավականության սկզբունքները, իշխանության թևերի միջև հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը։ Արդեն իսկ հնչել են այս փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ այն մասին, որ այսպիսով տեղի է ունենալու իշխանության ուզուրպացիա, որը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։
Անկախ իրավական ձևակերպումներից, սակայն, գործ ունենք քաղաքական լրջագույն գործողության հետ՝ այս փոփոխություններով իշխանությունը մեծ քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, սա Նիկոլ Փաշինյանի անձնիշխանության հաստատման ցայտուն օրինակ է, որը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար։ Որովհետև միջազգային հանրությունն ավելի է խստացնելու Հայաստանի մասին զեկույցներն ու գնահատականները, իսկ եթե դա տեղի չունեցավ, նշանակում է, որ այդ նույն միջազգային հանրությունն աչք է փակելու հակաժողովրդավարական այս գործընթացի վրա՝ ինչ-ինչ այլ նպատակներով, Հայաստանի իշխանությունից կենսական ինչ-որ հարցում ինչ-որ զիջում կամ որոշում ստանալու համար։ Սա իրական մարտահրավեր է Հայաստանի համար։
Ընդ որում, այն մարտահրավեր է, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության համար։ Այսօր պարզ կդառնա՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է որևէ գործնական, առարկայական քայլ անել այս հակաժողովրդավարական օրինագծերի դեմ, թե՞ կբավարարվի միայն վախվորած ու ընդհանրական ելույթներով։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այս քայլերով՝ այն փաստական հիմքեր է նախապատրաստում՝ ապագայում, այլ իշխանության պայմաններում, կրկին անցյալ վերադառնալու ու իշխանության բռնազավթման այս գործընթացին իրավաքրեական գնահատական տալու համար։ Անցյալի դեմ պայքարով իր քաղաքական օրակարգը կառուցող իշխանության համար սա գուցե նորմալ է, սակայն դա նորմալ չէ պետության ու հասարակության համար, որն այսպիսով մխրճվում է անընդհատ դեպի անցյալ գնալու, անցյալը մաքրելու շրջապտույտի մեջ։