«Բա էս շոուն ո՞վ անի: Բա պիտի տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք, Հայրապետյանին կանդալներով բերեցինք». Ռուբեն Հայրապետյան
«Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որ մեր տանից հանել են СУ-35 տանկ, БТР, БМП, չեմ հիշում՝ էլ ինչ, և մի քանի օր առաջ, երբ որ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց է դանդաղ խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է»,- քրեական ոստիկանությունից դուրս գալուց հետո ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ըստ նախկին պատգամավորի՝ ոստիկանապետն իր գրպաններում փնտրում է СУ-35-ը, БТР-ը, БМП-ն:
«Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն է ուրիշ, և բացի դրանից, նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ժողովուրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նա նաև նշեց, որ իրեն բերման են ենթարկել նորմալ, առանց ուժ գործադրելու և, բնականաբար, ապօրինի զենք-զինամթերք չեն հայտնաբերել:
«Ես ունեմ 3 օրինական զենք, թույլտվությունն էլ գրպանս դրված է, և, բնականաբար, 3 օրինական զենք ունեցող մարդն ապօրինի զենք-զինամթերք չի պահում: Հերթական շոուն էր: Երևի հիշում եք Քարվաճառի Արշակի լայվը: Երևի ժողովրդին ուզում են շեղեն դրանից»,- ասաց գործարարը:
Հարցին, թե ինչո՞ւ է 3 օրինական զենք պահում, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ 2-ը որսորդական հրացաններ են, որով որսի էր գնացել, մեկը իր անձնական զենքն է, իր անվտանգության համար, քանի որ բոլորը գիտեն, որ իր վրա ժամանակին մահափորձ է կատարվել, դրա համար էլ իր մոտ պահում է:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այսօր իրեն ոչինչ էլ չեն հարցրել ու չեն հարցաքննել:
«Ես պատրաստ եմ, թող ամեն օր բերման ենթարկեն: Իրենք ուզում են իմ մեքենան խուզարկել: Ես ասել եմ՝ չեմ թույլատրի, մինչև սանկցիա չլինի, և նրանք էլ մեքենան չեն տալիս, որի իրավունքը չունեն: Կոպիտ ասած՝ սեփականությունս առգրավել են»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Ինչ վերաբերում է Ֆեդերացիայի գործով հարցաքննությանը, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ քննություն է ընթանում, հետևաբար՝ մանրամասներ չի կարող հայտնել, բայց բոլորը դրա ավարտից հետո կտեսնեն, թե Ֆեդերացիան իրեն ինչքան գումար է պարտք մնացել:
«Բոլոր նրանք, ում այն օրը բռնել էին, համարձակ տղաներ են, ու նրանցից ոչ մեկը Նիկոլից չի վախենում: Ընդամենը փորձել էին վախեցնել, բայց բոլորդ տեսաք, որ նրանք չեն վախենում: Բայց մեր տեսակը չի վախենում դրանից: Ոստիկանը կարող է, ինչքան ուզում է, ինձ պառկեցնել»,- ասաց գործարարը:
Հարցին, թե այս իշխանության համար ինքն ինչ վտանգ է ներկայացնում, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Այ դա Նիկոլիկին հարցրեք»:
Հարց հնչեց, թե հնարավո՞ր է արդյոք՝ իր բերման ենթարկելը կապ ունենա երկրում սկսված քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հետ:
«Երևի այս երկրում քրեական ենթամշակույթի ամենամեծ ջատագովը ես էի կամ Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանն ու Նարեկ Սամսոնյանը»,- հեգնեց Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինս առհասարակ խուրհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել այն մարդուն, ով այս հանձնարարությունը տալիս է:
– Ո՞վ է այդ մարդը:
– Էդ մարդը, Դուք չգիտե՞ք՝ ով է:
– Չէ:
– Նիկոլիկը:
– Դուք վստահ եք, որ հանձնարարություննե՞ր են լինում:
– Բա ի՞նչ է լինում: Լավ, ես ձեզ մի հատ ուրիշ բան եմ ասում: Երբ որ ոստիկանապետը հայտարարում է՝ Արթուր Դանիելյանին ձերբակալել է նարկոտիկի ու էլի չգիտեմ ինչի համար, ինչի՞ մեքենան չեն խուզարկել, փողոցում են թողել….
– Ասել են՝ տվյալ ունեն:
– Ի՞նչ տվյալ: Ոնց որ հիմա ինձ խուզարկելիս ընթերակա էին բերել, ալկոհոլիկի: Հարբած, շան հոտը վրայից գալիս էր: Ամեն րոպե կարող են ասել՝ անհայտ անձը զանգահարեց: 37 թիվն է: Ու ամեն օր կարող են նույն բանն անել, թող անեն:
– Այսօր է՞լ է այդպես եղել:
– Իհարկե, այդպես է եղել:
– Տնի՞ց են բերման ենթարկել:
– Ոչ, տան ճանապարհին:
– Ասել էիք՝ երբ հրավիրեն՝ գալու եմ, ինչո՞ւ չեն հրավիրել:
– Իհարկե, ես հիմա էլ եմ ասում:
– Բա ինչո՞ւ չեն հրավիրում:
– Այ ժողովուրդ ջան, ինձ նենց հարց եք տալիս: Բա էս շոուն ո՞վ անի: Բա ի՞նչ նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան: Բա պիտի տանեն Նիկոլին ցույց տան: Տեսեք, Հայրապետյանին կանդալներով բերեցինք: Կամ մի հատ պատ էին դրել, ասում էին՝ կանգնի, նկարենք: Իհարկե, ես չեմ կանգնել: Մի հատ Ռեմբո էին բերել, ասում էր՝ ոտքդ ոտքիդ մի գցիր, ինձ վիրավորում ես: Ուզում էր ինձ տենց վախեցներ, էլի, իրա վախեցած հալով: Ժողովուրդ ջան, տենց բաներով մեզ չեն կարող վախեցնել: Ընդամենը շոու է, որ տանեն, ցույց տան իրենց… Ես բառեր էլ չեմ գտնում էդ մարդուն, թե գիշերը քնում, ինչ է մտածում: Մենք ազգովի մեղք ենք: Ընդամենը պիտի փրկվենք այս չարիքից:
– Ֆուտբոլի ֆեդերացիայում ի՞նչ չարաշահումների մասին են խոսում:
– Արդեն ասացի: Գնացեք Արմենչիկ, էդ մանկիկներին հարցրեք, կասեն: Ես մի օր դրանց հանած չարաշահումները կհանեմ ու բոլորի դեմը կդնեմ:
– Դուք ասել էիք, որ եթե պարզվի՝ չարաշահումներ եք արել, կրկնակին եք վերադարձնելու:
– Այո, բայց քո խաթր՝ եռակի:
– Այդ օրը ե՞րբ է գալու, որ ասացիք ինչ կա, ես կպատմեմ:
– Կարո՞ղ է գիտեք՝ ես Վանեցյանն եմ: Ինչ կար, պատմեցի էլի: Ես ամեն ինչ պատմել եմ: Ասել եմ՝ օրը կգա, ամեն ինչ կտեսնեք, թե ով ինչքան է հափշտակել: Ես մենակ իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ: Ու ինձ ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, անգամ Պատրիս Լուլումբայի սպանության մեջ, բայց ոչ՝ ֆուտբոլից փող գողանալու: Այն դեպքում, երբ տասնյակ միլիոն դոլարների հասնող գումարներ ես դրել եմ ֆուտբոլի մեջ: Կարող եք ցանկացած ֆուտբոլիստի հարցնել՝ ամեն հաղթանակից հետո ինչքան պարգևավճար եք ստացել և ոնց:
– Խոսում էին նաև՝ վաճառված խաղերի հետ կապված:
– Ես չկամ էդտեղ: Վաճառված խաղը 9:1, 20:1 որ անում են, դրանց հարցրեք: Այ էդ փոքրիկներին հարցրեք….
– 9:1-ը Արթուր Վանեցյանի օրոք է եղել:
– Արթուր Վանեցյանն ի՞նչ կապ ունի դրա հետ: Նա այդ ժամանակ նենց իրավիճակում էր, ինքը ֆուտբոլով չէր էլ զբաղվում: Ասում եմ՝ գնացեք էդ փոքրիկներին հարցրեք:
– Դժգո՞հ էիք իրենից՝ որպես ՀՖՖ նախագահ:
– Ես իրենից ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ: Թող դժգոհ լինեն այն մարդիկ, ովքեր ցանկացել են, որ ինքը դառնա Ֆեդերացիայի նախագահ: Ե՞ս եմ ուզել դառնալ, որ ես դժգոհ լինեմ:
– Ի՞նչ պայմաններում որոշեցիք, որ այլևս չեք ուզում դառնալ Ֆեդերացիայի նախագահ:
– Ճիշտն ասած, ես դա վաղուց էի որոշել:
– Իշխանություններից, Վանեցյանից, որ այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էր, որևէ ազդակ ստացե՞լ էիք:
– Այսինքն՝ ի՞նչ ազդակ: Ես ինքս որոշել եմ, որ այլևս չեմ մասնակցելու ՀՖՖ նախագահի ընտրություններին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում