«Կոնֆիդենցիալությունը վերաբերում է բանակցությունների ժամանակ քննարկվող, բայց դեռևս չհամաձայնեցված կետերին». Փորձագետ

ՀՀ-ի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ նշված է ղարաբաղյան  կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ նրանց լիակատար հանձնառության մասին:

Լրագրողների հետ հանդիպմանը «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ կոնֆիդենցիալությունը վերաբերում է դեռևս չհամաձայնեցված կետերին, որոնք բանակցային գործընթացի շրջանակում քննարկվում են:

«Բրատիսլավիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովը հարցազրույց տվեց, որտեղ կային կետեր, որոնք, ամենայն հավանականությամբ, քննարկվել են բանակցությունների ընթացքում, բայց դրանք դեռևս աշխատանքային կետեր են: Այսինքն՝ չկա որևէ համաձայնություն դրանց շուրջ, և երբ դրանք բացում ես և ներկայացնում սեփական մեկնաբանությամբ՝ նպատակ ունենալով ազդել սեփական և հակառակորդ կողմի հասարակությունների վրա, դու, ըստ էության, վնասում ես բանակցային գործընթացին:

Արդյո՞ք կոնֆիդենցիալության պահպանման հանձնառությունը նշանակում է, որ կարող են տարվել գաղտնի բանակցություններ խնդրի վերջնական կարգավորման շուրջ, կամ ինչ-որ համաձայնություններ ձեռք բերվեն, և դրանք պահվեն գաղտնի, կարծում եմ՝ ոչ: Նախ՝ ՄԽ համանախագահները չունեն պարտադրելու մանդատ, նրանք ընդամենը միջնորդ են, երկրորդ՝ եթե պատկերացնենք, որ խնդրի վերջնական կարգավորման հետ կապված պայմանավորվածություն կա, գործնականում դա չի կարող կյանքի կոչվել, որովհետև ՀՀ-ի և Արցախի բնակչության զգալի մասը համաձայն չի լինի, եթե որոշումը չլինի հայանպաստ: Ըստ այդմ՝ ոչ մի իշխանություն չի կարող ոչ հայանպաստ որոշում կյանքի կոչել»,- ասաց ադրբեջանագետը:

Խոսելով կարգավորման հիմք հանդիսացող տարրերից և սկզբունքներից՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց, թե դրա տակ մշտապես հասկանում ենք մադրիդյան սկզբունքները: Եվ, որ մադրիդյան սկզբունքները մեզ մոտ լղոզված են ներկայացված, և դա ասելով՝ հասկանում ենք տարածքների վերադարձ, Արցախի միջանկյալ կարգավիճակ, ՀՀ-ի հետ կապի ապահովում, փախստականների վերադարձ: Մինչդեռ ինքը՝ որպես մասնագետ, մադրիդյան սկզբունքներ ասելով՝ Հիմնարար սկզբունքներն է պատկերացնում, որոնց հիման վրա կազմվել են դրաֆտային  տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ մադրիդյանը, կազանյան փաստաթուղթը:

«Բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ հիմքում ընկած են 3 սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Սրանց կցված են եղել տարբեր տարրեր, ձևակերպվել են՝ որպես 6-ը, բայց եղել են ավելի շատ: Իսկ այդ տարրերը մեր ասածն է, Արցախի ասածը և Ադրբեջանինը, որոնք հավաքվել են մեկ զամբյուղի մեջ: Հիմա մեզ ասում են՝ համաձա՞յն եք այս զամբյուղին, մենք ասում ենք՝ այնքանով ենք համաձայն, որքանով այդտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը համաձայն է այնքանով, որքանով կան իր պահանջած կետերը»,- նշեց փորձագետը:

168.am-ի հարցին, թե ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ կային ձևակերպումներ, որոնք որոշ փորձագետներ վտանգավոր են համարում, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է հետևյալ ձևակերպմանը՝ «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը», Տարոն Հովհաննիսյանը պնդեց՝ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ու «Արցախի իշխանություններ» ձևակերպման մեջ որևէ տարբերություն չկա:

«Ինքնորոշման իրավունք ասվածը նշանակում է, որ Արցախի ժողովուրդն է որոշել և որոշելու  իր ճակատագիրը, իսկ Արցախի իշխանություններն Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն են: Սա պարզ կերպով ցույց է տալիս, որ Արցախի իշխանություններն ընտրված են տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե նրանք ուղղակի կառավարիչներ են: Եվ հիմա Արցախի ժողովրդի այդ ձայնը պետք է ներկայացնել բանակցային սեղանի շուրջ: «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը չի կարող այլ կերպ մեկնաբանվել: Իսկ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավարն ընտրված չէ, և եթե անգամ նա դառնա խորհրդարանի պատգամավոր, նա չի ստանում մանդատ Ադրբեջանի պետությունից զատ՝ առանձին ներկայացնելու ինչ-որ մի խմբի իրավունքներ և դառնալու բանակցային գործընթացի անդամ կամ հակամարտության կողմ, որովհետև այս կազմակերպությունը երբեք չի եղել բանակցային կողմ: Այն լավագույն դեպքում կարող է համարվել հակամարտության ազդեցությունը կրած կողմերից մեկը: Մեր ԱԳ նախարարը պաշտպանել է բոլոր այն դետալները, որոնք մենք ենք պնդում, այդ թվում՝  Արցախի մասնակցության հարցը»,- շեշտեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից:

Ի պատասխան մեր հակադարձմանը՝ արդյո՞ք այսօր փորձեր չեն արվում լեգիտիմացնելու «ԼՂ ադրբեջանական համայնքի» գոյությունը, որոնց ղեկավարի հետ հանդիպում են ՄԽ համանախագահող երկրների դեսպանները, մինչդեռ «հայ փախստական» ասելով հասկանում են միայն Բաքվի հայ փախստականներին, երբ ունենք Գետաշենի, Շահումյանի, Մարաղայի փախստականներ, Տարոն Հովհաննիսյանը ցավով արձանագրեց՝ կան  հայրենակցական միություններ, որտեղ չկան մարդիկ, որոնք էմոցիոնալ վիճակից դուրս պատշաճ հարցազրույց կարող են տալ, տիրապետում են օտար լեզուների և ի վիճակի են իրենց խնդիրները միջազգային հարթակում և օտարերկրյա դեսպաններին նորմալ ներկայացնել:

Հովհաննիսյանն ընդունեց՝ չկան նման մարդիկ, որովհետև տարիներ շարունակ այս ուղղությամբ պետությունը միջոցներ չի ներդրել, ջանքեր չեն գործադրվել, որպեսզի ստեղծվի նորմալ կառույց, որի համար կադրեր կաճեցվեն, ինչն Ադրբեջանն արել է ի սկզբանե և այսօր էլ այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է, միջոցներ ծախսում:

Տեսանյութեր

Լրահոս