«Հույս ունեմ՝ այս հանդիպումն ուղերձ չէր, որ Ոստիկանությունը բացառապես «Իմ քայլը» դաշինքին է հաշվետու». Ռուբեն Մելիքյան

Ոստիկանությունից դեռ չեն արձագանքել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման պահանջին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Մելիքյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանը նման պահանջով հանդես էր եկել հունվարի 28-ի հայտնի դեպքերից հետո, երբ բերման էին ենթարկվել ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, նույն միաբանության անդամ, BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, միաբանության ևս երկու անդամներ և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Ռուբեն Մելիքյանն առաջարկում է քննարկել իրադարձությունների իրավաչափությունը՝ պնդելով, որ իր պահանջը ոչ թե անձամբ իր հանդիպումն է ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանի հետ, այլ իրավապահ համակարգի իր այն գործընկերների, ովքեր անհանգստացած են ծավալվող իրադարձություններով:

«Իմ առաջնային խնդիրը որոշակի հանրային պահանջի ձևավորումն էր: Այս առումով  շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպաններին և մյուս  գործիչներին, ովքեր միացան իմ պահանջին: Հատուկ ուզում եմ ընդգծել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կեցվածքը, այսօր հայտարարություն տարածեց նաև Հանրային իրավունքի զարգացման կենտրոնը՝ ի դեմս  համահիմնադիրներ Արթուր Ղամբարյանի և Թամարա Շաքարյանի, Արսեն Բաբայանը, Աղասի Ենոքյանը և այլք: Ակնկալում եմ, որ այս հանրային պահանջի  ձևավորման գործընթացն առաջին մի քանի օրերին կշարունակվի, դրանից հետո արդեն կտեսնեք մեր հետագա քայլերը»:

Մելիքյանի պնդմամբ՝ իր պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ, քանի որ ինքն ուզում է ստանալ երաշխիքներ, որ այն, ինչ կատարվեց հունվարի 28-ին, չի կրկնվի:

«Իմ խնդիրն անհատական հարց քննարկելը չէ, այլ հունվարի 28-ի իրադարձությունները դիտարկելն է՝ որպես երևույթ, որը չպետք է կրկնվի  իրավական-ժողովրդավարական պետությունում, այն մեխանիզմները, որոնք պետությունը կարող է սահմանել դրանց կապակցությամբ առկա անհանգստությունները փարատելու համար: Կարծում եմ, որ մեր Ոստիկանությունը շարունակում է մնալ իրավական և ժողովրդավարական պետության Ոստիկանություն, համենայնդեպս՝ Ոստիկանության ղեկավարությունն այդ կերպ է ընկալում իրենց ղեկավարած կառույցը, վստահ եմ, որ անպատասխան չեն թողնի այս պահանջը»,- ասաց Մելիքյանը:

Հունվարի 28-ին բերման ենթարկվածները վստահ էին՝ իրենք Ոստիկանությունում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար:

Այսօր ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պնդեց, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ տեղի չեն ունենում:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով այդ օրը բերման ենթարկվածների աջակիցների շարքում էր, մեզ հետ զրույցում ասաց.

«Ես կարևոր եմ համարում Ոստիկանության հաշվետվողականությունը քաղաքական իշխանության նկատմամբ, բայց ոչ պակաս կարևոր եմ համարում հաշվետվողականությունը քաղաքացիական հասարակության նկատմամբ: Հույս ունեմ, որ այս հանդիպումը ուղերձ չէր քաղաքացիական հասարակությանը, որ Ոստիկանությունը բացառապես «Իմ քայլը» դաշինքին է հաշվետու: Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ասեմ, որ ես բացառում եմ, որ աշխարհում գտնվի թեկուզ մեկ ոստիկանապետ, որը պնդի, որ իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության ծառայողները քաղաքական հետապնդում են իրականացնում ինչ-որ անձանց նկատմամբ, դա ուղղակի անհնար երևույթ է, մյուս կողմից՝ իմ հանդիպման պահանջի օրակարգում քաղաքական բաղադրիչը խիստ ածանցյալ էր, այստեղ ինստիտուցիոնալ բաղադրիչն էր կարևոր: Ոստիկանությունը պետք է երաշխիքներ տա մեր հանրությանը, քաղաքացիներին՝ իր գործողությունների հետ կապված»:

Մելիքյանի խոսքով՝ եթե այդ երաշխիքները հանրությանը չեն բավարարում, ապա դրանք պետք է կատարելագործվեն: Փաստաբանը հույս ունի, որ հանդիպումն ամեն դեպքում կկայանա և կառուցողական կլինի:

Հունվարի 28-ի քաղակտիվիստները բերման էին ենթարկվել՝ առանց նախապես հրավիրվելու Ոստիկանություն, դիմակավորված անձանց կողմից՝ «ասֆալտին փռվելով»:

Լրագրողների հարցին, թե որքանո՞վ էին իրավաչափ ուժայինների գործողությունները, և արդյոք ծառայողական վարույթ հարուցվա՞ծ է դա պարզելու համար,  Արման Սարգսյանը պատասխանեց, որ վարույթ կհարուցեն անհրաժեշտության դեպքում միայն:

«Անձամբ ես, ի թիվս այլ հարցերի, մտադիր եմ փաստարկել ծառայողական քննության անհրաժեշտությունը, հույժ անհրաժեշտությունը»,- եզրափակեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան  Ռուբեն Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս