«Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ ինքն ընդամենը վարչապետ է, միապետ չէ. նա չափերն անցնում է». Լարիսա Ալավերդյան
«Վարչապետն իր վրա վերցնում է միապետի դերակատարությունը, որը բոլորովին հարիր չէ ժամանակակից Հայաստանին, և դրանով իսկ արդեն գնում է օրինազանցության: Կան օրենքներ, կա գործող Սահմանադրություն, և բոլորը, նախ և առաջ՝ երկրի ղեկավարը, պարտավոր են դրանց ենթարկվել: Եվ այն, ինչ այսօր հայտարարում է վարչապետը, պարզապես մարտահրավեր է ամբողջ մեր պետությանը և հասարակությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժով՝ գրելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունը կարող է վտանգներ պարունակել. «Սա այն ոճի մեջ է, որով աշխատում է վարչապետը, և կարող է վտանգ սպառնալ Հրայր Թովմասյանին: Բայց ինչքան էլ ես անհանգստանամ Հրայր Թովմասյանի համար, ինձ անհանգստացնում է պետության հանդեպ այդ արհամարհական և օրինազանցության հավասար՝ վարչապետի գործելաոճը: Սահմանադրության հանդեպ այդ արհամարհանքն օրինազանցություն է: Մենք խնդիր ունենք ամեն ինչ որոշելն իր վրա վերցրած անձի հետ, որը տեղը չի բերում, որ նա ընդամենը վարչապետ է, միապետ չէ, և այդպիսի ոճը վաղուց մերժված է: Անգամ այն երկրներում, որտեղ կա իրական միապետություն, որևէ մեկը թույլ չի տալիս իրեն այդպիսի արտահայտություններով հանդես գալ, առնվազն քողարկում են ինչ-ինչ հաստատություններում: Հիմա մենք լրջագույն խնդիր ունենք, և այս աստիճան նսեմացնել Հայաստանը՝ որպես պետություն, ես կարծում եմ՝ դա արդեն չափերն անցնել է նշանակում»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանին անհանգստացնում է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կրավորական կեցվածքը. ««Իմ քայլը»՝ որպես իշխանության եկած խումբ, այսօր իր լռությամբ ապացուցում է իր ամբողջովին զրոյացված վիճակը»:
Մեր դիտարկմանը, թե վարչապետն իրենց թիմի ղեկավարն է, նա այսպես արձագանքեց. «Պատմությունից գիտենք, որ տարբեր ժամանակներում լեգիտիմությամբ եկած իշխանությունները գործել են ամենասարսափելի հանցագործությունները՝ ինչպես իրենց ժողովրդի դեմ, այնպես էլ՝ այլ ժողովուրդների դեմ: Անցած դարասկզբին բոլոր այդ դիկտատորներն ամբողջովին լեգիտիմ են եկել իշխանության, և լեգիտիմությունն արդարացման միջոցը չէ, որ գործեն անօրինություն»: