«Եթե որևէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, ապա դրանից որևէ տրագեդիա չի լինի, և հակառակը». Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կիսում է իշխանությունների կարծիքը, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը պետք է հնարավորինս շուտ լուծվի։
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին, Ռ. Բադասյանն ասաց, որ օրենքից օգտվելու ժամանակ դեռ կա, և այս պահին որևէ մեկը չի կարող ասել՝ այն աշխատե՞ց, թե՞ ոչ։
«Եթե որևէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, ապա դրանից որևէ տրագեդիա չի լինի, և հակառակը։ Ես ասել եմ, որ դատական համակարգում առկա ընդհանուր ճգնաժամը պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով, որովհետև հիմա ինչ լուծում էլ գտնենք, այն չի կարող 100 տոկոսով վերականգնել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։ Մենք ասել ենք՝ ինչ քայլեր ենք արել ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար, չեմ բացառում, որ այլ քայլեր ևս կլինեն»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։
Նա նաև ընդգծեց, որ, եթե ՍԴ դատավորներից որևէ մեկն օգտվի վաղ կենսաթոշակի մասին օրենքից, ապա այն կես քայլ կլինի ճգնաժամը հանգուցալուծելու համար, սակայն դա ճգնաժամի լուծում չէ։
«Որքան շուտ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի, այնքան արագ բնականոն հուն կվերադառնանք»,- նշեց նա։
Հարցին՝ ո՞վ է որոշել, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, քանի որ ՍԴ դատավորները հայտարարում են, որ այնտեղ բնականոն աշխատանքային մթնոլորտ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ հարցին բազմիցս անդրադարձել է, թե ճգնաժամ ասելով՝ իրենք ինչ նկատի ունեն։ «Չեմ կարծում, որ այդ ամենը կրկին կրկնելու խնդիր կա»,- շեշտեց նախարարը։
Արդարադատության նախարարը չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կարող է ձևավորվել նոր Սահմանադրական դատարան։
Լրագրողի դիտարկմանը, որ, երբ ներկայիս իշխանությունն ասում է, թե նախորդ Սահմանադրությունը խայտառակություն էր, ապա չպետք է մոռանան, որ այսօր այդ Սահմանադրության շնորհիվ են եկել իշխանության, Ռուստամ Բադասյանն արձագանքեց, որ իրենք իշխանության են եկել հասարակության վստահության քվեի արդյունքում։
Անդրադառնալով «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե իրեն չեն կարող կալանավորել, Ռուստամ Բադասյանն ասաց, որ արդեն անդրադարձել է ՍԴ դատավորի անձեռնմխելիությանը, ինչը տվյալ մարմնի պատշաճ գործունեությունն ապահովող մեխանիզմ է, մասնավոր անձի իրավունք չէ։ Ուստի այս դեպքում որևէ հետադարձ ուժի մասին առհասարակ չպետք է խոսել։
«Եկեք այդ կալանավորմանը չանդրադառնամ, այն պարագայում, երբ ընտրվել է խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն»,- հավելեց նա։