Օրենք են փոխում, որ վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում «Իմ քայլից» կողմ չկարողանան քվեարկել. Արա Վարդանյան
Երբ քննադատում են իշխանությանը, կա դրան պատասխանելու ճիշտ ձև. այն է՝ ուսումնասիրել այդ քննադատությունը և դրան տալ քաղաքական բովանդակություն ունեցող պատասխան, իսկ երեկվա իրադարձություններից պարզ դարձավ, որ իշխանությունը չունի պատասխան իրենց հասցեին հնչեցվող՝ Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի քննադատություններին։ Այսօր այս մասին 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, քաղաքագետ Արա Վարդանյանը՝ պատահական չհամարելով նաև իշխանության հասցեին սուր քննադատությամբ աչքի ընկնողներին «ասֆալտին փռելու» օպերացիայի համար ընտրված ժամանակահատվածը։
«Դա տեղի ունեցավ, որովհետև նախ կար խնդիր՝ ստվերել «Ճտիկով գրիչի» պատմությունը նման բիրտ ուժի կիրառմամբ, բացի այդ՝ նպատակ էր դրված նաև շեղել հասարակության ուշադրությունն այսօր կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։ Խոշոր հաշվով՝ շատ դժվար է հստակ ասել, թե իշխանությունն ի՞նչ էր ուզում անել, որովհետև իրենց քայլերն ընդհանրապես տրամաբանված չեն», -ասաց Վարդանյանը։
Նրա համոզմամբ՝ արդեն գրեթե երկու տարի է՝ ոստիկանությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչի վառ օրինակին էլ ականատես եղանք երեկ։
«Ոստիկանությունն այսօր իրագործում է մեկ մարդու տված ցուցումները, ուստի ցանկանում եմ դիմել ուժային կառույցներին և հիշեցնել՝ իշխանությունը հավերժ չէ, և հաջորդ իշխանության ժամանակ պատասխանատվության կենթարկվեն այն ուժայինները, որոնք այսօր նման գործողությունների են դիմում։ Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև մի կարևոր հանգամանքի վրա՝ եթե մարդուն մեղադրում են ապօրինի զենք-զինամթերք ունենալու կամ թմրամիջոց պահելու համար, այդ դեպքում ինչո՞ւ չեն խուզարկում դրա մեջ մեղադրվողների տունն ու մեքենան։ Սա ուղղակի ծիծաղելի էլ չէ՞ արդեն, սա նման է խենթանոցի, իսկ մենք էլ ապրում ենք խենթանոցում»,- ասաց Վարդանյանը։
«Ադեկվադ» միաբանության անդամը վստահեցնում է՝ նոր Հայաստանում մենք այլևս չունենք այլընտրանք, որը մշտապես բիրտ ճնշումների է ենթարկվում։
«Խորհուրդ կտամ, սակայն, իշխանություններին՝ անիմաստ գումարներ չծախսել այդ նպատակի համար, որովհետև, եթե, օրինակ, փակում են մեկ հեռուստաընկերություն, դրա փոխարեն կբացվեն երեքը, սրան գումարած մեր ձայնը լսելի է դառնում նաև այսօրվա ինտերնետային հարթակների շնորհիվ»,- ասաց Վարդանյանը՝ որպես ազատ խոսքի ճնշման ցցուն օրինակ մատնանշելով 5-րդ Հ/Ը տնօրենի ապօրինի կալանավորումը։
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ իրավապաշտպանների լռությանը՝ Արա Վարդանյանը նշեց, որ, եթե նախկին իշխանությունների ժամանակ իրավապաշտպաններից շատերը պատրաստ էին մի ծառի համար անգամ գնալ ինքնահրկիզվել, ապա հիմա պահպանում են լռություն ու դրանով փաստում, որ նախկինների ժամանակ պայքարում էին միայն իրենց գրպանները գումարներով լցնելու համար։
«Հակառակ պարագայում՝ այդ նույն իրավապաշտպանները երեկ Ոստիկանության 6-րդ վարչության դռան դիմաց կանգնած կլինեին։ Հրահանգված է լռել, ես այդպես եմ կարծում»,- ընդգծեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների լռությանը, ապա Վարդանյանը նշեց, որ այդ կառույցները կսպասեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն համոզվել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց «քցել է» այնպես, ինչպես շատ այլ կառույցների և մարդկանց։
«Իմ գնահատմամբ՝ դա տեղի կունենա մոտ երեք ամսից, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է, որ Արցախի հարցում չի կարող գնալ քայլերի, որի համար իրեն ամբողջ ազգը չի ների։ Չեմ կարող ասել, որ Փաշինյանն իշխանության եկավ հող զիջելու նպատակով, բայց կարող եմ պնդել՝ նրան իշխանության բերեցին հենց այդ նպատակի համար»,- ասաց Վարդանյանը՝ երկրում ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակություն կանխատեսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի մասին, ի դեպ, խոսել է նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Վարդանյանի՝ որքան երկար Քոչարյանը մնա կալանավայրում, այնքան շատ ընտրողներ կունենա։
«Քոչարյանի հետ կապված՝ պետք է նկատել մի շատ կարևոր փաստ՝ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի վրայից հանեց Մարտի 1-ի զոհերի հետ կապված փաստը, և ստացվում է, որ Քոչարյանն այդ տասը զոհերի հետ կապ չունի, և ես դրա համար շնորհակալ եմ Փաշինյանին։ Ինչ վերաբերում է Քոչարյան քաղաքական գործչին, ապա պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափում է Քոչարյանի ազատությունից, որովհետև Երկրորդ նախագահը կարող է համախմբել ընդդիմությունը»,- ասաց Վարդանյանը։
Ներքաղաքական զարգացումների հետ կապված էլ Արա Վարդանյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ իշխանությունը քայլեր է ձեռնարկում դրանից իրեն ապահովագրելու համար։
«Ես ունեմ տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է կանխել այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և դրան գնում են օրենսդրական փոփոխություններով։ Ցանկանում են պատգամավորին օրենքով զրկել այս կամ այն ձևով քվեարկելու իր իրավունքից, և պատգամավորը պետք է քվեարկի այնպես, ինչպես որոշել է խմբակցությունը։ Ըստ իմ մյուս տեղեկության՝ օրենքով ցանկանում են պատգամավորին զրկել նաև խմբակցությունից հրաժարվելու, բայց անկախ պատգամավոր մնալու իր իրավունքից, և եթե կուսակցությունից կամ խմբակցությունից դուրս գա, ապա պետք է վայր դնի մանդատը։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ օրենք են փոխում, որ վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում իրենց ներսից՝ «Իմ քայլից», դրան կողմ չկարողանան քվեարկել, իշխանությունն ունի մտավախություն, որ վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում դրան կողմ կքվեարկեն իրենց իսկ շարքերից, ուստի փորձում են դա կանխել»,- ասաց Վարդանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում