
Հենրիկ Հարթենյանը վայր է դնում ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել է վայր դնել ավագանու անդամի մանդատը: Այս մասին խմբակցության այսօրվա հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:
«Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից: Նա համաձայնեց»,- ասաց Էյրամջյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և փորձել հանրության ուշադրությունը գրավել նրա վրա՝ գրելով, թե էջը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկանն է: