«Մենք չենք ասում, որ Գյումրու բոլոր տնակների մարդկանց տալու ենք բնակարան, մենք ասում ենք, որ այդ տնակները հանելու ենք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե վարչապետի հանձնարարականով ստեղծված անօթևանների հաշվառման հանձնաժողովն ավելի քան  3 ամիս  նիստ չի գումարել, Փաշինյանը պատասխանեց, որ հանձնաժողովը նիստ գումարում է՝ ըստ անհրաժեշտության, բայց այս ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են ամեն օր: Հիմա տեղի է ունենում ինֆորմացիայի հավաքագրում և թվայնացում:

«Կադաստրի կոմիտեն, Ոստիկանությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն ամենօրյա ռեժիմով աշխատում են: Ի՞նչ աշխատանք են անում:  Իմ հանձնարարությամբ՝ վերցնում են բոլոր տնակները՝ հատ-հատ, քարտեզագրում են, էլեկտրոնային տեղորոշում են և ստեղծում են այդ տնակի պատմությունը՝ սա ի՞նչ տնակ է, այստեղ մարդ ապրո՞ւմ է, թե՞ չէ, եթե չի ապրում, ապա որտե՞ղ է ու ի՞նչ կարգավիճակ ունի, եթե ապրում է, ապա մե՞կ հոգի է, թե՞ ընտանիք, քաղաքացին ինչո՞ւ է  այդտեղ ապրում»:

Լրագրողի հարցի երկրորդ մասին՝ թե ի՞նչ եղանակով են բնակարան տրամադրելու անօթևանի չափորոշիչներին համապատասխանող մարդկանց, բնակարան գնելու համար սերտիֆիկա՞տ են տալու, թե՞ նոր  շենք են կառուցելու,  վարչապետն ընդլայնված պատասխան տվեց՝ սկսեց այնտեղից, որ հնարավոր է և՝ չտան.

«Դեռ պետք է պարզենք՝ մենք պե՞տք է բնակարանի գնման վկայագիր տանք, թե՞ ոչ:  Օրինակ՝ տնակում ապրում է մի մարդ, որը Գյումրիի հարևան գյուղերից մեկում ունի առանձնատուն, ուղղակի տեսել է հնարավորություն, եկել է, տնակի նախկին տիրոջը, որը բնակարան է ստացել, ինչ-որ սիմվոլիկ գումար է տվել, մտել է ու այդտեղ է ապրում: Այս դեպքում մենք ինչո՞ւ պետք է իրեն բնակարանի գնման վկայագիր տանք»:

Ի պատասխան լրագրողի պարզաբանմանը, որ իր հարցն այլ կոնտեքստ ուներ, և ակնկալվում էր ընդամենը հստակեցում, թե ի՞նչ տարբերակով են անօթևանի չափորոշիչներին համապատասխանողները բնակարան ձեռք բերելու, վարչապետը շարունակեց ելույթը նույն բովանդակությամբ,

«Կարող է պարզվել, որ այնտեղ բնակվողներից ոչ մեկի նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: Ես ասում եմ, որ այս տարի 3 մլրդ-ով լուծելու ենք այն քաղաքացիների հարցը, ում նկատմամբ պետությունը ունի դե յուրե արձանագրված պարտավորություն: Որ ավելի պարզ դառնա՝ ասեմ՝ բա կարող է մի մարդ պետությունից ստացել է բնակարան, գնացել կազինո է խաղացել, պարտվել է, տունը կորցրել է, ստիպված եկել, այդտեղ է ապրում: Ինչո՞ւ պետք է մենք իրեն բնակարան տանք: ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր կազինոյում պարտվել, տունը վաճառել են,  մենք տուն չե՞նք տալիս, չէ, չէ՞: Բայց կարող են լինել դեպքեր, որ ինչ-ինչ տեխնիկական, առողջական խնդիրների պատճառով պետությունն ունի պարտավորություն, պետք է բնակարան ստանային, չեն ստացել: Երբ այսպիսի դեպք կարձանագրվի, կհաշվառենք՝ քանի՞ դեպք է՝ մեկ է, երկուս է, հարյուր է, էական չէ՝ ոնց, պետությունը կտա այդ փողը, պայմանով, որ նույն պահին այդ տնակը քանդվում է, նույն պահին, և իրենք այդտեղից դուրս են գալիս»:

Անդրադառնալով ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բնակարանների տրամադրումը կսկսվի այն ժամանակ, երբ բոլոր տնակների մասին տեղեկատվություն կունենան:

«Մարդ կա, որ հաշվառված է, բայց իր տեղը հայտնի չէ, տնակ կա՝ դատարկ է, պետք է մարդկանց գտնել, պատմությունը գտնել, մարդ կա՝ ասում է՝ ես թղթերս կորցրել եմ, պետք է արխիվներից գտնել, և այսպես 2500-ից ավելի դեպք…: Մենք չենք ասում, որ բոլոր տնակների մարդկանց տալու ենք բնակարան, մենք ասում ենք՝ այդ տնակները հանելու ենք այդտեղից, ում նկատմամբ ունենք պարտավորություն՝ ունենք պարտավորություն, ում նկատմամբ չունենք՝ չունենք, բայց մենք չենք կարող Գյումրու զարգացումը կանգնեցնել»,- ասաց վարչապետը:

Որպես իր խոսքի եզրափակում՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Գյումրի է տեղափոխվել ավտոմաքսատունը, շուտով Գյումրու օդանավակայանից թռիչքներ կկատարի Ryanair-ը, առաջիկայում հյուսիսային ուղղությամբ արտահանումներն իրականացվելու են Գյումրիի միջոցով, և կոչ արեց աշխատել ու գնել բնակարաններ:

Տեսանյութեր

Լրահոս