«Կարծում եմ՝ ՍԴ դատավորները չեն մտնի սեփական ժողովրդի և երկրի դեմ պատերազմելու ոմանց օրակարգի մեջ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք նպատակ ունեն ամեն գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից և նրա նախագահից:

«Ես ոչ մեկից ոչ ուզում եմ ազատվել, ոչ էլ չեմ ուզում ազատվել: Ես ուզում եմ, որ ՀՀ-ն ազատվի կոռումպացված համակարգի բոլոր մնացորդներից, ես ուզում եմ, որ ՀՀ-ում լինի իրապես անկախ դատական համակարգ, և ոչ թե այնպիսի դատական համակարգ, որը օգտվի նրանից, որ գործող վարչապետը կամ կառավարությունն իրենց հարկադրանքի չեն ենթարկում, ու իրենք գնան ուրիշ տեղերից իրենց համար հարկադրողներ և թելադրողներ գտնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի հավաստմամբ՝ ինքը շատ ուրախ է, որ այսօր, իր բնորոշմամբ, նաև այս էմոցիոնալ դրսևորումների պայմաններում, Հայաստանի դատական համակարգը ցույց տվեց, որ կարող է  և անցնում է առողջացման ճանապարհ:

«Հայաստանի դատական համակարգում կան բազմաթիվ  դատավորներ, ներառյալ՝ ՍԴ-ում, որոնք, համոզված եմ, որ գոնե մեր տվյալներով, գիտեմ, թե մարդկանց, այդ թվում՝ ՍԴ անդամներին, ինչպիսի խարդավանքների մեջ են փորձել ներքաշել, և ուրախ եմ, որ նրանք, փաստորեն, չեն ներքաշվել: Եվ համոզված եմ, որ չեն էլ ներքաշվի, և հույս ունեմ, որ նրանք չեն մտնի սեփական ժողովրդի և երկրի դեմ պատերազմելու՝ ոմանց օրակարգի մեջ: Եվ կարծում եմ, որ, այո՛, Սահմանադրական դատարանի անդամի բարձր կարգավիճակը ենթադրում է, որ վճռական պահերին նրանք պետք է սկզբունքային գտնվեն և դուրս չգան սեփական ժողովրդի դեմ և սեփական ժողովրդի ապագայի դեմ», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև անդրադարձավ մամուլում եղած տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ կազմից ազատվելու համար ուժային կառույցներին բազմաթիվ հրահանգներ է տվել, ու ասաց, թե տարբեր ոլորտներում հանձնարարականներ կարող են տրվել:

«Ամենատարբեր ոլորտների հետ, իրավական անվտանգությունը ապահովելու հետ կապված, ամենատարբեր իրավական հրահանգներ կարող են լինել: Երկիրը ունի նաև իրավական անվտանգության խնդիր, չէ՞: Կարող է լինել խնդիր՝ պարզելու, ինֆորմացիա ստացվի, որ, օրինակ, անձ, ներառյալ՝ դատավոր, պատգամավոր, Սահմանադրական դատարանի անդամ, այլ երկրի հետ կապ ունի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Պիտի ասենք՝ վայ, պատգամավոր է, իրենով չպիտի հետաքրքրվե՞նք՝ այդ փաստը ճի՞շտ է, թե՞ չի:  Բացառվում է: Իհարկե՝ ո՛չ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս