«Սպանդանոցից պետք է գնան գյուղացու դուռը, տեղում կշռեն անասունին, գումարը տան». ֆերմեր

«Հանրային անվտանգության և առողջապահության տեսանկյունից պարտադիր սպանդանոցային մորթը այլընտրանք չունի»,- պնդում է Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն է այս սկզբունքով աշխատում, միայն թե այս պահին  մեր երկրում կա սպանդանոցների կառավարման խնդիր: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն ժամկետը երկարաձգվել է: Այն ևս մի քանի ամսով երկարաձգվեց մինչև 2019 թվականի ամառ, գյուղացիները կկարողանան բակային մորթի ենթարկված իրենց անասուններն իրացնել Երևանից դուրս: Աշոտ Գրիգորյանը պատմում է, որ կենդանու քաշի միայն կեսն է միսը, մնացած մասը կարիք ունի վերամշակման:

«Սպանդանոցները առանց թափոնների՝ ռեսուրսների օգտագործման լավ օրինակ են: Այն, ինչ գյուղացիները չեն կարող անել բակային մորթի ժամանակ, հնարավորություն ունի անելու սպանդանոցը՝ արյան վերամշակում, ներքին օրգանների վերամշակում: Եթե այս գործընթացները չիրականացվեն, սա կարող է հանգեցնել թանկացման»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ դրանցից կարելի է ստանալ կենդանական ծագման կեր և մի շարք այլ բաներ: Այս գործընթացները կարող են սպանդանոցի համար լրացուցիչ եկամուտ ստեղծել, ինչի շնորհիվ էլ գյուղացին չի վճարի կենդանիների սպանդի համար: Ֆերմեր Վարուժան Հարությունյանի խոսքով՝ պարտադիր սպանդանոցային մորթին ինքն էլ դեմ չէ, միայն թե Հայաստանում այս պահին չկան բավարար քանակով սպանդանոցներ առաջարկը բավարարելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդեց, որ մարզպետարանների և ՍԱՊԾ-ի հետ քարտեզ են գծում, թե որտեղ է պետք սպանդանոց կառուցել: Անգամ այս պարագայում  ֆերմերը պնդում է, որ ոչ թե գյուղացին պետք է գնա սպանդանոց, որ իր անասունը մորթեն, այլ սպանդանոցի աշխատակիցները պետք է գան գյուղացու մոտ:

«Սպանդանոցից պետք է գնան գյուղացու դուռը, տեղում կշռեն անասունին, հանեն սնվածության աստիճանը, գումարը հենց տեղում տան գյուղացուն: Գյուղացին բան ու գործ թողած՝ չպետք է գնա-հասնի սպանդանոց, պատի տակ սպասի, թե ե՞րբ կմորթեն կամ չեն մորթի իր անասունը, կշեռքի քաշի մեջ կխաբեն, շատ հարցեր կան:  Այս ամենից կարելի է խուսափել միայն այս տարբերակով»,- ասաց Վարուժան Հարությունյանը:

Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահը պնդում է, որ այսօր առաջարկվող պայմաններից գոհ չեն մնալու անգամ սպանդանոցների տերերը, որ նրանց պետք է տրվեն մթերման վարկեր, որոնցից էլ նրանք կկարողանան վճարել գյուղացուն: Ֆերմեր Վարուժան Հարությունյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր են առաջացնում դրսից ներկրվող սառեցված մսերը, որոնց մուտքը չվերահսկելու դեպքում կարող է իջնել տեղական մսի գինը:

Տեսանյութեր

Լրահոս