Տեսախցիկներն արձանագրո՞ւմ են մեքենայի ներսում կատարվող գործողությունները

168.am-ի խմբագրություն դիմած վարորդներին հետաքրքրում էր, թե տեսախցիկները երբ խախտում են արձանագրում, մեքենայի ներսում կատարվող գործողությունը ևս ֆիքսո՞ւմ են, թե՞ ոչ: Բերվում էին օրինակներ, որ, եթե վարորդը ծխում է կամ մեքենայի ներսում այլ գործողություններ է կատարում, դա ֆիքսվո՞ւմ է, և եթե՝ այո, ապա դա արդյոք մարդու անձնական կյանքի միջամտություն չէ՞:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ այս պահին գործնականում նման բան չկա.

«Եթե մեքենան այն տեսադաշտում է, որ խախտում է արվում, մեքենայի համարներն են նկարվում, և այլն, ապա հանրային վայրում ինչ կա, ֆիքսվում է, բայց այդ տեսանյութը տեսնելու է միայն մեքենայի սեփականատերը կամ շահագործողը, ուրիշ ոչ ոք: Այսինքն՝ դա գաղտնի ինֆորմացիա է, որովհետև տեսանելի է միայն սեփականատիրոջը: Թեկուզ, եթե նկարվի, դա տեսնելու է միայն այդ մեքենայի մեջ եղած մարդը»:

«Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե հարցը դիտարկենք անձնական տվյալների տիրույթում, ապա մեքենայի համարանիշն էլ է համարվում անձնական տվյալ, որովհետև այդ համարանիշով կարողանում են նույնացնել, թե այն ում է պատկանում. «Անձնական տվյալը ցանկացած փաստական տվյալ է, որով անձին կարողանում են նույնացնել, բացահայտել: Հանրամատչելի տվյալներ են համարվում միայն անուն-ազգանունը, հայրանունը:  Արագաչափի դեպքում սևացնում են այլ անձի հատվածը, բայց տեսագրությունով խախտման համար օրենքով ոչինչ նշված չէ: Դա անձնական տարածք չենք կարող համարել և անձնական տվյալների խախտում էլ չենք կարող համարել: Եթե այդպես լիներ, ապա ցանկացած տարածքի տեսանկարահանում կարող էինք համարել, որ դրանք ներխուժում են անձնական կյանք: Այստեղ անձնական կյանքի միջամտություն չկա»:

Փաստաբանն ընդգծեց, որ տուգանքն ուղարկվում է հասցեատիրոջը, որը մեքենայի սեփականատերն է. «Եթե սեփականատերը գնում և դիմում է ներկայացնում, որ գիտեք՝ ղեկին ես չեմ եղել, եղել է Պողոս Պողոսյանը, այդ ժամանակ հասցեատերը փոխվում է, ուղարկում են Պողոս Պողոսյանին: Այստեղ անձնական տարածքի միջամտություն չկա: Եթե անձի ընտանիքի անդամներն են ստանում, ապա այստեղ փոստատարի հետ է խնդիրը, թող նրա հետ խոսեն, որ անձամբ տան սեփականատիրոջը, ոչ թե, օրինակ՝ տան կնոջը»:

Տեսանյութեր

Լրահոս