«Էսօր հետտնտեսական հեղափոխության մեջ ենք». Գյուղացիները՝ սպանդանոցային մորթի մասին
Այսօր առավոտից մսավաճառները կրկին Կառավարության շենքի առջև էին: Գործադիրից պահանջում էին գյուղացիներին չպարտադրել անցնել սպանդանոցային մորթի: Կառավարության որոշմամբ՝ սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար 2018-ի հուլիսից, սակայն ժամկետները երկարաձգվել էին, և որոշումը ուժի մեջ պետք է մտներ այս տարի հունվարի 15-ից: Հավաքվածները դժգոհում էին, որ ստիպված են լինելու մի քանի անգամ ավելի գումար վճարել այն դեպքում, երբ սպանդանոցներում վիճակն ավելի լավ չէ, քան այն տեղերում, որտեղ իրենք են մորթ իրականացնում:
«ՍԱՊԾ պետը իր աշխատողների և լրագրողների հետ մի քանի օր առաջ մտավ մսի խանութները, աշխատողը ոնց որ հանցագործ լիներ, այնպես վրա տվեցին, հիմա կխնդրեմ, որ նույն ձևով գնան մտնեն իրենց սարքած սպանդանոցները, տեսնեն՝ ո՞նց են մորթ անում, ո՞նց են թրիքի միջից անասունին բարձրացնում, ջուրը պահում մսի վրա, չի կարելի այդպես անել: Սպանդանոցները մշակեք, ծրագիրը հասունացրեք, ոչ թե նախորդ իշխանության չիրագործված ծրագիրը բերեք կյանքի կոչեք: Մենք դեմ ենք սպանդանոցներին, քանի որ այս ծրագիրը մշակված չէ»,- ասաց ֆերմերներից մեկը:
Պնդումներին, թե սպանդանոցները չեն բավարարում, ՍԱՊԾ-ից հակադարձում են, որ այժմ գործում է 25 սպանդանոց, ևս 23-ը պատրաստ կլինի առաջիկա 6 ամսվա ընթացքում: Այս թվերը գյուղացիներին այնքան էլ չեն հետաքրքրում, քանի որ իրենք առհասարակ դեմ են սպանդանոցներին: Ասում են՝ ինչո՞ւ գումար վճարեն իրենց սեփական անասունը մորթելու համար, եթե հիմա անվճար են մորթում: Ակցիայի մասնակիցներին էր միացել նաև «Երիտասարդ եզդիների» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը, ով պնդում է, որ այս որոշումն անընդունելի է, քանի որ ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել, իսկ իրենք ակցիային միացել են, քանի որ Հայաստանում ապրող եզդիների ավելի քան 90 տոկոսը անասնապահությամբ է զբաղվում:
«300-400 կգ անասունին, որը լույս չի տեսել, երբ հանում են գոմից, բավականին կատաղած է լինում, եթե մի քանի անասուն տեղավորեն կամազների մեջ, դրանք մեքենան ցաքուցրիվ կանեն: Այստեղ կանգնած բոլորը դա հասկանում են, իսկ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել ու պատասխանատվություն են կրում սրա համար, չգիտեն, թե ի՞նչ է նշանակում՝ անասունին անասնագոմից բաց թողնել: Նրանք չեն հասկանում, 300-400 կգ անասունին որ հանում են դուրս, պետք է մի քանի վայրկյանում սպանդի ենթարկել, էլ ուր մնաց՝ հասցնեն սպանդանոց»,- ասաց Սաիդ Ավդալյանը:
Գյուղացիները պնդում են, որ հիմա ոչ ոք էլ հողի մեջ անասուն չի մորթում, պայմաններ ապահովում են, քանի որ այդ մսից օգտվում են նաև իրենց ընտանիքի անդամները: Դժգոհում են, որ ներկա Կառավարությունը իրագործում է նախկինի ծրագրերը:
«Էսօր հետտնտեսական հեղափոխության մեջ ենք, էս ի՞նչ են անում, ճգնաժամ է լինելու: Նախկինին մենք դեմ եղանք, խի՞ են հիմա նրանց ծրագրերը ներկայացնում: Բոլորը հին Կառավարության ծրագրերն են, իրենք մի ծրագիր ներկայացրե՞լ են, խի՞ են խաբում ժողովրդին, թե՞ գիտեն՝ չենք հասկանում, մենք շատ բան ենք հասկանում»,- ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղացիները հակադարձում են այն պնդումներին, թե այլ մսի անվան տակ ձիու և էշի միս է վաճառվում, ասում են՝ թող հսկողությունն ուժեղացնեն:
«Բա դուք ինչո՞ւ եք այդտեղ նստած, դուրս եկեք, ձի ու էշ մորթողների ականջները կտրեք: Եկեք նկարեք, տեսեք՝ ես մի հատ էշ ունե՞մ: Մեզնից լավ էշ կա՞ էդ գոմի մեջ, էշերը ստեղ են, էշի տեղ են դրել մեզ»,- ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղացիների հետ հանդիպման Կառավարությունից որևէ մեկը չիջավ, տեսչական մարմինն էլ արդեն հայտարարել է, որ սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու և հետքայլ չի լինելու: Գյուղացիները գնացին, բայց խոստացան, որ վաղը փակելու են դեպի իրենց մարզեր տանող բոլոր ճանապարհները: