«Նախագահը ինձ հարցրեց՝ Խավի՞, թե՞ Կուման: Ես պատասխանեցի՝ Սետյեն»․ «Լա Մասիայի» նախկին տնօրեն
Լաուրանո Ռուիզը 82 տարեկան է: Նա հայտնի ֆուտբոլիստ չէր, բայց որպես մարզիչ՝ նա զարմանալիորեն աշխատում էր երիտասարդական թիմերի հետ և երկար տարիներ պատասխանատու էր հանրաճանաչ «Լա Մասիայի» համար։ «Բարսելոնայում» նա ստացել է «ոճի հայր» մականունը:
-«Բարսելոնան» խնդրե՞լ է ձեզ փոխարինող գտնել Վալվերդեի համար:
– Վերջերս ես ակումբի գրասենյակում էի: Նախագահը հարցրեց ինձ, թե ով է լինելու թիմի լավագույն մարզիչը՝ Խավի՞ն, թե՞ Կումանը: Ես պատասխանեցի, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, լավագույն տարբերակը կլինի Կիկե Սետյենը:
– Արդյո՞ք սա կատարյալ ժամանակ է «Բարսան» գլխավորելու համար:
– Թոփ-ակումբ մարզելու համար ոչ լավ ժամանակ կա, ոչ էլ վատ: Սետյենը երբեք չի ղեկավարել իսկապես մեծ ակումբ, բայց նրա փիլիսոփայությունը հնարավորինս մոտ է «Բարսայի» փիլիսոփայությանը: Օրինակ՝ Լուիս Էնրիկեն կամ Էռնեստո Վալվերդեն խաղի բոլորովին այլ գաղափար ունեն: Սետյենը նման է Գվարդիոլային հենց խաղի փիլիսոփայության և «Բարսայի» գաղափարներին մոտ լինելու առումով:
– Դուք ազդե՞լ եք նրա փիլիսոփայության վրա:
– Իհարկե: Մի անգամ Կիկեն ասաց, որ ես նրա կարիերայի լավագույն մարզիչն եմ: Գիտեմ, որ նա օգտագործում է իմ գաղափարներից մի քանիսը մարզման մեջ: Օրինակ՝ օդային ռոնդոն:
– Օդային ռոնդո՞:
– Այո: Երբ խաղացողները միմյանց փոխանցում են գնդակը՝ առանց ոտքերով դիպչելու դրան: Այս վարժությունը բարելավում է գնդակի հսկողությունը և լավացնում է խաղը օդում: Կիկե Սետյենը օդային ռոնդոն օգտագործեց Լաս Պալմասում: Դա ճիշտ է, քանի որ սովորական ռոնդոն պարզապես մնջախաղ է:
– Սովորական ռոնդոն համարվում է «Բարսելոնայի» համար ամենակարևոր վարժությունը, այնպես չէ՞:
– Ես մարզել եմ Իվան Էլգերին, Պեդրո Մունիտին և Իվան դե լա Պենային: Մի անգամ նրանք ինձ մոտ եկան և հարցրին օդային ռոնդոյի մասին։ Նրանք ասում էին, որ սովորական ռոնդոն անում են աչքերը փակ, իսկ օդայինը չեն կարողանում անել։ Պետք է մարզվել, քանի որ մի խաղում կան բոլորովին այլ իրավիճակներ:
Սետյենը խաղում էր քսան տարի, և կարծես այս ընթացքում հասցրել է առանձնացնել օգտակար վարժությունները ոչ օգտակարներից:
– «Բարսելոնայի» հանդերձարանում վտանգավո՞ր է։ Այդ խաղացողները հսկայական ազդեցություն ունեն։
– Բոլոր հանդերձարաններում էլ կան առաջատարներ։ Սրանք սովորաբար երկու կամ երեք խաղացողներ են, ովքեր որոշում են ամեն ինչ ամբողջ թիմի անունից: Սա այսպես է պատմականորեն, քանի որ ֆուտբոլը սկսվեց առանց մարզիչների, իսկ հանդերձարանի ղեկավարները տիրում էին դաշտում:
– Ձեզ դեռ կոչում են «ոճի հայր», և դուք դասախոսություններ եք տալիս «Լա Մասիայում»: Ի՞նչ է փոխվել:
– Դե, ոճն ինքնին ներկայումս մի փոքր կորած է: Հմմ … Դրա համար նրանք շարունակում են զանգահարել ինձ …
Շատ երիտասարդ խաղացողներ հեռանում են «Բարսելոնայից»՝ իրենց ներկայացուցիչների և գործակալների ճնշման պատճառով: Իմ ժամանակ ներկայացուցիչներ չկային, և գործակալներ գրեթե չկային, և ֆուտբոլիստները պարզապես ուրախ էին խաղալ «Բարսելոնայի» կազմում: Հիմա, եթե գործակալն ասում է, որ մյուս թիմը ավելի շատ գումար է տալու, ապա կարող եք քիչ բան անել:
– Մարզիչներից ո՞վ է ձեզ ավելի շատ դուր գալիս, քան Սետյենը:
– Գվարդիոլան շատ ընդունակ մարզիչ է: Ինձ շատ դուր է գալիս Բիելսան: Եվ Վենգերը:
– Լավ մարզիչ լինելու համար պե՞տք է լինել էլիտար ֆուտբոլիստ:
– Ֆուտբոլի պատմության մեջ ոչ մի հիանալի ֆուտբոլիստ չի դարձել հիանալի մարզիչ` բացառությամբ Կրույֆի:
Սիրարփի Աղաբաբյան