«Եթե ամեն մարզում 5-10 սպանդանոց չունեք, այդ քայլին գնալ չի կարելի». Խոսրով Հարությունյան

«Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանին խիստ մտահոգում է այն փաստը, որ Կառավարությունը գյուղացիներին կենդանիների սպանդանոցային մորթ պարտադրելուց առաջ չի նախապատրաստվել: Նախկին պատգամավորը վստահ է, որ եթե համապատասխան պայմաններ ստեղծվեին, գյուղացին անգամ գոհ կլիներ: Ըստ Կառավարության որոշման՝ հունվարի 15-ից հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր, սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով: Արդեն 2 օր է, գյուղացիները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ են կազմակերպում, պնդում են, որ սպանդանոցային մորթի պարագայում միսը կթանկանա:

«Սա ընդհանուր առմամբ ճիշտ քաղաքականություն է, բայց այն արդարացված կարող է լինել, երբ ամբողջ հանրապետությունում ցանցն այնպիսին լիներ, որ գյուղացուն հասանելի լիներ, մեկնած ձեռքի հեռավորության վրա, պարզ, հասկանալի ծառայություն: Այդ պարագայում գյուղացին շահագրգռված պետք է լիներ:

Բայց եթե հանրապետությունում ունենք 20 կամ մի փոքր ավելի սպանդանոց, այս պարագայում անցնել այդ ճանապարհով, դա նշանակում է՝ գյուղացուն կանգնեցնել շատ ծանր վիճակի առջև: Ես այս հարցով մտահոգված եմ: Եթե ամեն մարզում 5-10 սպանդանոց չունեք, այդ քայլին գնալ չի կարելի, ինչպես իրենք են պնդում՝ «կպահեն, չեն մորթի»»,- ասաց նախկին վարչապետը:

Խոսրով Հարությունյանը վստահ է՝ եթե սպանդանոցները մոտ լինեն, գյուղացու համար նպատակահարմար կլինի կենդանուն տանել սպանդանոց, ոչ թե ինքնուրույն մորթել, հետո էլ մտածել, թե որտեղ կամ ինչպես վաճառել:  «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության նախագահին մտահոգում է հատկապես այն փաստը, որ, օրինակ՝  տավարի մսի արտադրության մեծ ծավալներ Հայաստանում չկան, ստեղծված պայմաններում առավել ևս կխթանվի արտերկրից ներմուծելու պրակտիկան: Ըստ նրա՝ սպանդանոցային բիզնեսին զարկ տալու համար հարկավոր է պետության աջակցությունը:

«Բավականին լուրջ հարկային աջակցություն պետք է ցույց տալ, որ սպանդանոցներ կառուցվեն, դա պետք է դարձնել պետության կողմից հովանավորվող, վարկերով սուբսիդավորվող, հարկային պարտավորություններից ժամանակավորապես ազատվող բիզնես: Այդ պարագայում կտեսնեք, թե ինչքան արագ դրանք կձևավորվեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս