
Կառավարությունից հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

«Հրապարակ» թերթն այսօր տեղեկություն էր տարածել, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Թերթը մասնավորապես գրել էր. «Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»:
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, սակայն մանրամասներ չփոխանցեց.
«Հաստատում ենք, որ նամակ ստացվել է Նաիրի Հունանյանից, բովանդակության մասին ոչինչ չենք կարող ասել՝ կոնֆիդենցիալ է»:
Մեր հարցին ի պատասխան Ա. Խաչատրյանը նշեց նաև, որ չգիտի՝ վարչապետն արձագանքելո՞ւ է նամակին, թե՞ ոչ: